Տեխասում տապից 11 մարդ է մահացել
Առնվազն 11 մարդ է մահացել ԱՄՆ Տեխասի նահանգի Ուեբ շրջանում գերտաքացման հետ կապված բարդությունների պատճառով։ Անոմալ տապ է դիտվում նաև մյուս նահանգներում։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
Ըստ շրջանի դատաբժշկական փորձագետ Քորին Սթեռնի՝ մահվան դեպքերը գրանցվել են վերջին ութ օրվա ընթացքում, մահացածները հիմնականում 60-80 տարեկան են։
Նույն տապի ալիքը Մեքսիկայի հյուսիսում առնվազն 21 մարդու մահվան պատճառ է դարձել։
Սթեռնը բնակիչներին հորդորել է խուսափել ջրազրկումից և հետևել ընտանիքի անդամներին, ընկերներին ու հարևաններին, որոնք կարող են լուրջ չվերաբերվել ստեղծված եղանակային պայմաններին:
CNN-ը նշում է, որ հունիսի 27-ին Տեխասում էլեկտրասպառումը հասել է ռեկորդային բարձր մակարդակի. տեղական ժամանակով ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով հունիսի 28-ի 02:00-ին) այն կազմել է 80 828 մեգավատտ: Սա գերազանցել է նախորդ 80 148 մեգավատտ ռեկորդը, որը սահմանվել էր 2022 թ. հուլիսի 20-ին։
Նշվում է, որ Տեխասում ջերմաչափի սյունը գերազանցում է Ցելսիուսի սանդղակով 37 աստիճանը, իսկ նահանգի մի շարք շրջաններում հասել է Ցելսիուսի սանդղակով 43 աստիճանի։ Սպասվում է, ջերմային ալիքը կտարածվի նահանգի հյուսիսում և արևելքում։ Նշվում է, որ առաջիկա վեց օրվա ընթացքում ջերմաստիճանի ցուցանիշները կարող են գերազանցել ավելի քան 150 ջերմային ռեկորդներ։
Հունիսի 28-ին Օկլահոմայում, Կանզասում, Արկանզասում և Լուիզիանայում օդի ջերմաստիճանը հասնել է Ցելսիուսի սանդղակով 37,7 աստիճանի նշագծին։
Թենեսի նահանգի Մեմֆիս քաղաքի Ազգային օդերևութաբանական ծառայությունը նախազգուշացրել է, որ հունիսի 29-ին և 30-ին ջերմաստիճանը կարող է հասնել Ցելսիուսի սանդղակով 43-46 աստիճան վտանգավոր ցուցանիշների:
ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում ամեն տարի ավելի քան 600 մարդ է մահանում սաստիկ տապի հետևանքով։