Բաժիններ՝

Ժամանակը չի սպասում ոչ ոքի

Դեպի Երկնային Արքայություն տանող ճանապարհով ընթացողները միմյանց հոգեպես զորակցելու և մխիթարելու կարիք ունեն, քանի որ դժվարին է ճանապարհը, ուստի Պողոս առաքյալը հորդորում է և ասում. «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման: Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփես. 5:15-16), «հետևաբար, քանի դեռ ժամանակը մեր ձեռքին է, բարիք անենք բոլորին, մանավանդ հավատի ճանապարհի մեր հարազատներին» (Գաղ. 6:10): Հին ժամանակներում, երբ վանականները ճանապարհին միմյանց հանդիպում էին, բարևելիս մեկը հարցնում էր. «Եղբա՛յր, ինչպե՞ս ես փրկվում»: Մյուսը պատասխանում էր. «Քո սուրբ աղոթքներով, հա՛յր»:

Չնայած բոլոր դժվարություններին ու վտանգներին՝ քրիստոնյան ուրախանալու հետևյալ առիթներն ունի, նախ որ քրիստոնյա է, Քրիստոսի անունն է կրում և Քրիստոսի միջոցով Աստված ընդունեց իրեն որպես Իր որդի ու ամեն օր ինքը դիմում է Աստծուն «Հայր մեր» խոսքերով: Ուրախություն է քրիստոնյայի համար, որ փրկագնվել է Փրկչի կողմից (Գաղ. 3:13; Ա Տիմոթ. 2:6), որ Քրիստոսին հավատարիմ լինելու դեպքում իր անունը չի ջնջվի կյանքի գրքից (Հայտ. 3:5), և իր համար Տերը աշխարհի սկզբից ի վեր պատրաստել է Երկնքի Արքայությունը (Մատթ. 25:34): Այդ պատճառով Պողոս առաքյալն ասում է. «Միշտ ուրա՛խ եղեք Տիրոջով. նորից եմ ասում՝ ուրա՛խ եղեք» (Փիլիպ. 4:4):

Մարդը երբեմն-երբեմն հիշում է իր անցյալը, բայց կգա ժամանակ, երբ մարդու ողջ կյանքը կդառնա անցյալ և անցյալի սխալներն այլևս հնարավոր չի լինի ուղղել: Ժամանակը չի սպասում ոչ ոքի, ուստի քրիստոնյան պետք է գնահատի իր կյանքի ժամանակը, որ Աստված վստահել է իրեն՝ իր հոգու փրկության համար: Ավետարանում կարդում ենք, որ մի հրեա իշխանավոր, մոտենալով Հիսուսին, հարցնում է. «Բարի՛ վարդապետ, ի՞նչ պիտի անեմ հավիտենական կյանքը ժառանգելու համար»: Տերը պատասխանում է, որ հավիտենական կյանքին արժանանում են աստվածային պատվիրաններն իրագործելով (Ղուկ. 18:18-31):

Փրկության արժանանալու համար պետք է աստվածային պատվիրանները կյանքի կոչել և մասնակից լինել եկեղեցու խորհուրդներին: Քրիստոնյայի համար Աստծու խոսքը ճրագ է, որպեսզի չսայթաքի և չընկնի անդունդը, ինչպես գրված է Սուրբ Գրքում. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, և լուսավորում է իմ շավիղները» (Սաղմ. 118:105): Հավատի ճրագը մարելու դեպքում անհրաժեշտ է դիմել Տիրոջ օգնությանը: Նա, ով ունի հավատ, երանելի է՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Երանի՜ նրանց, որոնք հավատում են առանձ Ինձ տեսնելու» (Հովհ. 20:29), իսկ հավատ չունեցողին Սուրբ Գիրքն անվանում է անզգամ (Սաղմ.13:1), քանի որ մարդը մերժում է այն, ինչն այնքան ակնհայտ է, և այդպիսի մեկը կդատապարտվի՝ Տիրոջ խոսքի համաձայն. «Ով որ հավատա և մկրտվի, կփրկվի, իսկ ով որ չհավատա, կդատապարտվի» (Մարկ. 16:16):

Ճշմարիտ հավատին հետևում են բարի գործերը, քրիստոնյան պետք է զգուշանա մեղքից՝ որպես իր կյանքի մեծագույն վտանգից: Կան ժայռեր, որոնց վրա սոճիներ են աճում, սոճու փոքրիկ սերմն ընկնելով ժայռի ամենափոքր բացվածքի մեջ, աճում է և ծառի վերածվում, այդպես էլ, եթե հոգու զրահը մի փոքր բացվածք ունենա, և մեղքի սերմն այնտեղ թափանցի, ապա կջլատի հոգու ողջ ամրությունը: Հզոր արծիվները որսվել են ոչ մեծ թակարդից, հզոր նավերը խորտակվել են ջրի տակ թաքնված փոքր քարերից, մի փոքր կայծից քաղաքներ են այրվել: Փոքր թվացող մեղքն էլ կարող է մեծ ավերներ գործել: Ո՛չ հիվանդությունը, ո՛չ աղքատությունը և ո՛չ էլ մահն, ըստ առաքյալի խոսքի (Հռոմ. 8:38), չի կարող մարդուն բաժանել Աստծուց, միայն մեղքն է, որ բաժանում է մարդուն Աստծուց: Եսայի մարգարեն ասել է. «Ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև, ձեր անօրենությունների պատճառով է Նա Իր երեսը շրջել ձեզնից, որ չգթա» (Եսայի 59:2): Աստծուց բաժանող այդ պարիսպը ամուր է, քանի դեռ կա, բայց այն պինդ քարերից չէ, եթե մեղավորը զղջա, այն միանգամից փուլ կգա:

Այսպիսով, եթե մեղքը բաժանում է մարդուն Աստծուց, ապա ապաշխարությունը վերամիավորում է մարդուն Աստծու հետ: Չկա պատմության մեջ մի օրինակ, որ մեղավորը զղջա և Աստծուց ներում չստանա: Բոլոր մարդիկ մեղանչում են, եթե Աստված խիստ ու պահանջկոտ Դատավոր լիներ, ապա փրկությունն անհնարին կլիներ բոլորի համար:

Դատավորն Ինքը խոնարհաբար մարդու մասին ասում է, որ նա տկար է (Մատթ. 26:41), իսկ Իր մասին վկայում է. «Կենդանի եմ Ես և ամբարշտի մահը չեմ ուզում, այլ՝ նրա հետ կանգնելն իր չար ճանապարհից ու ապրելը» (Եզեկ. 33:11): Լողի դասընթացին ուսուցիչն օգնում է իր աշակերտին, որ ջրի երեսին մնա, թույլ չտալով, որ խեղդվի, բայց միաժամանակ պահանջում է աշակերտից լողի շարժումներն անել, առանց որի նա երբեք չի սովորի լողալ: Այդպես էլ Աստված ցանկանում է այս կյանքում սովորեցնել մարդուն հոգևոր կյանքի հմտությունները՝ պատրաստելով նրան հավիտենական երանելի կյանքին: Մարդուց պահանջվում է հեռու մնալ չարից և բարու մեջ հաստատվել՝ ըստ սաղմոսերգուի. «Խուսափի՛ր չարից և բարիք գործիր» (Սաղ. 33:15), իսկ Եսայի մարգարեն ասել է.

«Սովորեցեք բարի՛ք գործել» (Եսայի 1:17): Եվ կրկին, եթե լողի ուսուցիչը տեսնում է, որ իր աշակերտն արդեն ինքնուրույն սկսել է լողալ, բայց մի պահ շփոթվում է, շտապում է օգնության և չի թողնում նրան մենակ՝ օգնելով հաղթահարել դժվարությունը: Բայց վա՜յ այն աշակերտին, որ հպարտորեն և ինքնագլուխ սկսում է լողալ օվկիանոսում՝ դեռ վարժ լողալ չիմանալով: Աստծու պատվիրանները կատարելու և փրկության արժանանալու համար, բավական չէ կամքի ուժ և վճռականություն ունենալ, այլ անհրաժեշտ է Աստծու օգնությունը: Հայրաբանական գրականության մեջ հետևյալ օրինակին ենք հանդիպում. «Սերմն իր մեջ աճելու ուժ ունի, բայց եթե չլինեն հողը, արևն ու խոնավությունը, այն չի աճի: Այս պետք է հասկանալ նաև հոգևոր իմաստով՝ «երկիրը» Աստծու կողմից մարդուն տրված հնարավորություն է բարին գործելու, ճշմարտության Արեգակը Քրիստոսն է, որ լուսավորում է ողջ մարդկությանը (Հովհ. 1:9), սերմը խոնավությամբ «ոռոգելը» Սուրբ Հոգու շնորհներն են: Եվ երանելի է նա, ինչպես նշում է սաղմոսերգուն, որ իր պտուղը ժամանակին է տալիս (Սաղմ. 1:3)»:

Չարն ամեն ինչ անում է, որ մարդուն հուսահատության մեջ գցի, թուլացնի ողջ ուժն ու կամքը, ներշնչի, որ, միևնույն է, չի կարող փրկվել և որ դա իրագործելի է եղել միայն սրբերի ու ճգնավորների, բայց ոչ մեղավորների համար, որոնք նույնիսկ չգիտեն, թե ինչպես պետք է ապաշխարեն: Հուսահատության և անզորության զգացումը չարը ներշնչել է նաև սրբերի մեջ՝ փորձելով նրանց մեջ սերմանել այն միտքը, որ նրանց կյանքն ու սխրանքներն անօգուտ են և աննշան՝ փրկության համար: Բայց նրանք մերժեցին փորձչի գայթակղությունները և հաղթանակած դուրս եկան:

Պատմության մեջ հաճախ է պատահել, որ պետություններն ու մեծ բանակները պարտություն են կրել, կորուստներ ունեցել, առանց զինտեխնիկայի մնացել և նահաջել: Սակայն փորձառու հրամանատարները, չհուսահատվելով, շարունակել են պատերազմը, վերջին մարտում հաղթանակել են՝ հանկարծակի և վճռական հարված հասցնելով թշնամուն: Եթե քրիստոնյան էլ շարունակի պայքարը, զենքերը վայր չդնի և չփախչի մարտի դաշտից, չնայելով նախորդ բոլոր պարտություններին, ապա ամուր կպահի հավատի վահանը, գլխից չի հանի փրկության սաղավարտը, ձեռքից բաց չի թողնի Սուրբ Հոգու սուրը և կկարողանա հանգցնել չարի արձակած բոլոր մխացող նետերը (Եփես. 6:16-17):

Չարի դեմ պայքարում քրիստոնյան իր կողքին ունի ամենահզոր Դաշնակցին ու Պաշտպանին՝ Աստծուն: Հնարավոր է այդ պայքարում քրիստոնյան վիրավորվի, այսինքն՝ մեղանչի, քանի որ պայքարը հեշտ չէ, և թշնամին հմուտ է ու խորամանկ, բայց քրիստոնյայի համար այդ վերքերը չեն կարող մահացու լինել, քանի որ առաջնագծի հիվանդանոցում՝ եկեղեցում, ապաշխարությամբ և Սուրբ Հաղորդությամբ վերքերն ամբողջովին ապաքինվում են: Քրիստոնյան Քրիստոսի մարտիկն է և կոչված է ոչ թե խաղաղ ու հանգիստ գոյության, այլ պայքարի, և հաղթանակելով արժանանալու է Երկնային Արքայությանը՝ հավիտենապես վայելելով խաղաղություն, պատիվ և ուրախություն:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս