Բաժիններ՝

Մոլդովայի կառավարությունը հավանություն է տվել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովից երկրի դուրս գալու օրինագծին

Մոլդովայի կառավարությունը հունիսի 28-ին կայացած նիստում հավանություն է տվել ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովի մասին կոնվենցիայի չեղարկման օրինագծին, որը կնքվել է 1995 թ. մայիսի 26-ին Մինսկում։ Այս մասին հաղորդել է «РИА Новости»-ի թղթակիցը:

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ, իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության առաջնորդ Իգոր Գրոսուն հայտարարել էր, որ Մոլդովան ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովին անդամակցելու մասին համաձայնագիրը կչեղարկի մինչև խորհրդարանի ամառային նստաշրջանի ավարտը։

«Մոլդովայի Հանրապետության համար խնդրո առարկա հարթակը չհասավ իր նպատակին, այն է՝ լուծել վերջին տասնամյակների ընթացքում մեր պետության առջև ծառացած իրական խնդիրները (օրինակ՝ Մերձդնեստրի հակամարտությունը)… Հաշվի առնելով այն, որ Մոլդովայի Հանրապետության մասնակցությունը ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովում չի համապատասխանում ներդրման և շահի հարաբերակցությանն առնչվող ակնկալիքներին, նպատակահարմար է համարվում չեղարկել խնդրո առարկա կոնվենցիան», – ասված է օրինագծի հիմնավորման մեջ։

Անցյալ տարվանից Մոլդովայի իշխանություններն սկսել են խոսել ԱՊՀ-ի հետ մի շարք պայմանագրեր խզելու անհրաժեշտության մասին։ Երկրում չեղարկվել է չորս համաձայնագիր՝ ԱՊՀ-ի մասնակից պետությունների արտաքին սահմանների պահպանման հարցերի վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու շուրջ, ԱՊՀ երկրների կազմակերպությունների միջև ապրանքների մատակարարումների ընդհանուր պայմանների շուրջ, բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների նախազգուշացման և դրա հետևանքների վերացման բնագավառում փոխգործակցության շուրջ, «Мир» միջպետական ​​հեռուստառադիոընկերության անխոչընդոտ գործունեության շուրջ։ Արգելքի տակ են հայտնվել մի շարք ռուսական լրատվամիջոցներ։ Պլանավորվում է ստեղծել քարոզչության դեմ պայքարի ազգային կենտրոն։ Վերջերս հանրապետության իշխանությունները նախաձեռնել են չեղարկել մայիսի 9-ի Հաղթանակի օրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս