ՀԱԱԿ-ում կտեղադրվի քաղցկեղը հեշտ հայտնաբերող արհեստական բանականությամբ զինված մամոգրաֆիկ սարք

Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը համալրվում է նոր սարքավորումներով, կտեղադրվի նաև արհեստական բանականության տեխնոլոգիայով զինված մամոգրաֆիկ սարք: Այս մասին հրավիրված ասուլիսում նշեց Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:

«Մեր կենտրոնում արհեստական բանականության տեխնոլոգիայով զինված նոր մամոգրաֆիկ սարքի տեղադրման աշխատանքներ են տարվում: Սարքը հնարավորություն է տալիս շատ հեշտ հայտնաբերել քաղցկեղը: Բժշկին հնարավորություն կտրվի կենտրոնանալ հենց խնդրահարույց հատվածի վրա»,- ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ եթե մինչև այժմ բժիշկներից շատ ժամանակ էր պահանջվում այս կամ այն գոյացությունը հայտնաբերելու համար, ապա այժմ նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ խնդիրը շատ արագ է լուծվում:

Հակոբյանը հիշեցրեց՝ կարևոր է տարեկան գոնե մեկ անգամ անցնել գինեկոլոգիական, վահանաձև գեղձի, կրծքագեղձի հետազոտություններ: Հետազոտություններն անհրաժեշտ են նաև տղամարդկանց:

«ՀԱԱԿ-ի ակցիայի շրջանակներում կենտրոնում կատարվել է մոտ 3000 կրծքագեղձի զննություն, քաղցկեղ ախտորոշվել է 126-ի մոտ, բայց ուրախությամբ պետք նշեմ, որ 97-ի մոտ վաղ փուլում է հայտնաբերվել: Հետազոտվել է 43 տղամարդ, որոնց մեջ 1 հոգի ուներ կրծքագեղձի քաղցկեղ: Սովորաբար տղամարդիկ կրծքագեղձի քաղցկեղ չեն ունենում: Եթե տղամարդիկ ցավ ունեն կրծքում, կարևոր է դիմել մասնագետներին»,- ասաց նա:

Ամսվա ընթացքում կատարել են նաև 431 վահանաձև գեղձի հետազոտություն, 244 վահանաձև գեղձի բարակ ասեղային ասպիրացիա, որի արդյունքում գրանցել են 132 վահանաձև գեղձի քաղցկեղի դեպք: Վահանաձև գեղձի քաղցկեղ ունեցողների թվում նաև երեխաներ են եղել:

Հակոբյանը հիշեցրեց՝ մինչև 40 տարեկան կանայք և աղջիկները, եթե չունեն ոչ մի խնդիր, տարեկան 2-3 անգամ պետք է անցնեն սոնոգրաֆիկ զննություն: 50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում տարեկան գոնե մեկ անգամ մամոգրաֆիկ և սոնոգրաֆիկ զննություն անցնել

Տեսանյութեր

Լրահոս