
Հարավկորեացիները մեկ գիշերում ավելի երիտասարդ են դարձել. երկիրն անցել է «միջազգային տարիքի»

Հարավային Կորեայի ավելի քան 51 միլիոն բնակիչները հունիսի 28-ին արթնացել են 1 կամ 2 տարով ավելի երիտասարդ. ուժի մեջ է մտել օրենքը, համաձայն որի՝ երկրի բոլոր դատական և վարչական ոլորտներում կսկսեն օգտվել «միջազգային տարիքի» համակարգից, որն ընդունված է աշխարհի մեծ մասում: Այս մասին տեղեկանում ենք CNN-ից:
Մինչ այս Կորեայի Հանրապետությունում օգտագործվում էր «կորեական տարիքը» կամ «օրացուցային տարիքը»: Հարավային Կորեայում «միջազգային տարիքը» ենթադրում է տարիքի հաշվարկը մարդու ծնվելուց պահից և սկսվում է զրոյից, ինչպես մյուս երկրներում: Իսկ «կորեական տարիքով», որի արմատները գալիս են Չինաստանից, երեխաները ծնվելու պահից սկսած համարվում են մեկ տարեկան, իսկ յուրաքանչյուր հունվարի 1-ից նրանց տարիքին ավելանում է ևս մեկ տարով:
CNN-ը բերում է «Gangnam Style»-ի երգիչ Փսայի օրինակը. նա ծնվել է 1977 թ. դեկտեմբերի 31-ին և «միջազգային տարիքով» 45 տարեկան է, «օրացուցային տարիքով»՝ 46, իսկ «կորեական տարիքով»՝ 47:
«Միջազգային տարիքի» անցնելու մասին օրենքը Հարավային Կորեայի խորհրդարանը հաստատել էր 2022 թ.-ի դեկտեմբերին. դա եղել էր նախագահ Յուն Սոկ Յոլի նախընտրական խոստումներից մեկը:
Նոր համակարգին անցնելու դեպքում էլ հին համակարգերը որոշ պարագաներում կշարունակեն օգտագործվել, մասնավորապես՝ երեխաներին դպրոց ընդունելիս, զինվորական ծառայության անցնելիս և այլն: