ԵՄ-ն թմրանյութերի դեմ պայքարի եվրոպական գործակալություն է ստեղծում
ԵՄ խորհուրդը հաստատել է օրենսդրական ակտ, ըստ որի Թմրամիջոցների և թմրամոլության մոնիթորինգի եվրոպական կենտրոնին (EMCDDA) կփոխարինի Եվրամիության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալությունը: Այդ մասին հաղորդում է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրությունը:
«Անօրինական թմրանյութերը և դրանց ապօրինի շրջանառությունը հսկայական վնաս են հասցնում մեր հասարակությանը: Դա հաճախ կազմակերպված բռնի հանցավորության հիմնական պատճառներից մեկն է և խնդիր է ինչպես ազգային, այնպես էլ գլոբալ անվտանգության համար: Թմրանյութերի խնդրով զբաղվող ԵՄ գործակալության շնորհիվ ԵՄ-ն ավելի լավ պատրաստ կլինի այս խնդիրների լուծմանն ապագայում», – որոշումն ընդունելու առնչությամբ հայտարարել է ԵՄ խորհրդում նախագահող Շվեդիայի արդարադատության նախարար Գունար Շտրյոմերը։
Գործակալության հիմնական խնդիրները կլինեն տվյալների հավաքագրումը, մոնիթորինգը, վերլուծությունը և տարածումը, վաղ նախազգուշացումներին պատրաստվածության բարելավումը, ռիսկերի գնահատումը և գործողությունների հանձնարարականները, ինչպես նաև իրազեկության զարգացումը՝ թմրամիջոցների հետ կապված մարտահրավերները կանխատեսելու և դրանց հակազդելու համար:
Հաղորդվում է, որ ընդունված կանոնակարգը կամրապնդի գործակալության դերը միջազգային համագործակցության ոլորտում։ Գործակալությունը կկարողանա իր աշխատանքում ներգրավել երրորդ երկրներին։
Թմրանյութերի դեմ պայքարի Եվրամիության գործակալության նստավայրը կշարունակի մնալ Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնը: