Պարեկը բռնությամբ մեքենայից դուրս է հանում ապացույց պահանջող կնոջը
Երեկ փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր՝ խոշտանգումների դեմ պայքարի միջազգային օրն ամփոփում ենք հերթական խոշտանգման դեպքով:
«Պարեկային ծառայողները բիրտ ուժ են կիրառել և «նեղ» ձեռնաշղթայել ՌԴ քաղաքացի (կին) վարորդի նկատմամբ, ում անհիմն կանգնեցրել են ամրակապված չլինելու պատրվակով: Գտնվում ենք «չարաբաստիկ» Կենտրոն բաժնում: Ահազանգել ենք ՄԻՊ գրասենյակ: Կանչվել է շտապօգնության մեքենա»,- գրել էր փաստաբանը:
Այսօր արդեն փաստաբանը գրեց, որ հաջողվել է վերականգնել քաղաքացու վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը:
«Նրան կանգնեցրել են ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ` ամրակապված չլինելու պատրվակով»,- գրել էր նա՝ կից տեսանյութ ներկայացնելով:
Առաջին տեսանյութից մեկ ժամ անց Վարազդատ Հարությունյանը հրապարակեց տուժած քաղաքացու վիդեոռեգիստրատորի տեսաձայնագրության երկրորդ մասը:
«Տեսագրությունից պարզ է դառնում, որ անձը խնդրում է հնարավորություն տալ ցուցադրել իր վիդեոռեգիստրատորի ձայնագրությունը, որից երևում է, որ ինքը մեքենան վարել է ամրակապված:
Քաղաքացին նաև խնդրում է պարզաբանել իր իրավունքները և ապացույց ներկայացնել, որ իբր ինքն ամրակապված չի եղել:
Ռուսերեն լեզվին գրեթե չտիրապետող պարեկը, չկարողանալով տալ քաղաքացու նորմալ, ադեկվատ և իրավական հարցերի պատասխանները, հունից դուրս է գալիս, ու մնացածը դիտեք ինքներդ»,- գրել էր փաստաբանը:
Իսկ մնացածը զարհուրելի տեսարան էր. կատաղած պարեկը, քաշելով կնոջ ձեռքերից, փորձում է նրան կոպտորեն դուրս բերել մեքենայից:
Սա է այն ամենը, ինչ պետք է իմանալ «բարեփոխված» ոստիկանության «բարեկիրթ» պարեկների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում: