
Վրաստանում զբոսաշրջիկներին խաբելու գործով ձերբակալվել է 8 քաղաքացի

Վրաստանի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել ութ քաղաքացու՝ զբոսաշրջիկներին խաբելու գործով։ Հետաքննության տվյալներով՝ խարդախության զոհ է դարձել Իսրայելի, Հորդանանի և Ռուսաստանի առնվազն 7 քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Տեղեկության համաձայն՝ Թբիլիսիի ակումբներից մեկի սեփականատերերը տաքսիստների հետ միասին խաբել են զբոսաշրջիկներին։ Մասնավորապես՝ տաքսիստները զբոսաշրջիկներին համոզել են այցելել ակումբ՝ խմիչքներից անվճար օգտվելու։ Սակայն զբոսաշրջիկները, ի վերջո, ստիպված են եղել վճարել բավականին մեծ գումար, այդ թվում՝ այլ անձանց պատվիրած խմիչքների համար նույնպես։
Կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախության հոդվածով կալանավորներին սպառնում է յոթից տասը տարվա ազատազրկում։
Ձերբակալվածների թվում կան գիշերային ակումբի սեփականատերեր և աշխատակիցներ, ինչպես նաև երեք տաքսու վարորդ։