«Արարատի համայնքապետի «պրինցիպներն» են, նա իր ցանկությամբ կարողացավ վարչական ղեկավարին հեռացնել». Երասխի բնակիչ

168.am-ի տեղեկություններով՝ Երասխի վարչական ղեկավար Սարո Այվազյանի լիազորությունները դադարեցված են, նրան նկատողությունով աշխատանքից հեռացրել են։

Երասխի մեր աղբյուրը փոխանցեց, որ Սարո Այվազյանը որևէ բան չի արել, անկուսակցական էր և գլուխը կախ՝ իր գյուղի համար աշխատում էր, այսինքն՝ լավից բացի, որևէ վատ բան չի արել։

«Արարատի համայնքապետն իր ցանկությամբ կարողացավ վարչական ղեկավարին հեռացնել՝ առանց նրա դիմումի ու առանց նրա համաձայնության։ Նա որևէ կուսակցության անդամ չէ, իր բնույթով զինվորական է, մասնակցել է արցախյան պատերազմներին, 44-օրյա պատերազմում վիրավորվել էր, ի՞նչ վատ բան կարող էր անել, որ հեռացրել են։

Սա, իմ կարծիքով՝ զուտ Արարատի համայնքապետի «պրինցիպներն» են, ասել է, իբր իր ասածները չի արել։ Մի խոսքով, չենք հասկանում՝ ինչո՞ւ հենց այդպես հեռացրեցին մարդուն»,- նշեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

168.am-ի հետ զրույցում Արարատի համայնքապետ Ասլան Ավետիսյանն ասաց, որ իսկապես Երասխի վարչական ղեկավարի լիազորությունները դադարեցված են։

«Պատճառն այն է, որ վարչական ղեկավարն ուներ մի քանի նկատողություն, եթե կուզեք ավելի մանրամասներ իմանալ, երկուշաբթի կարող եք զանգահարել աշխատակազմի ղեկավարին ու ստանալ ձեր բոլոր հարցերի պատասխանները։

Այժմ Երասխում վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կա»,- եզրափակեց Ասլան Ավետիսյանը։

Մենք փորձեցինք նաև տեղեկություն ստանալ հենց Սարո Այվազյանից, սակայն նա մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։

Տեսանյութեր

Լրահոս