ԵԽԽՎ-ն ընդունեց Փոլ Գավանի «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» զեկույցը` հանելով «Լեռնային Ղարաբաղ» անվանումը
Քիչ առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային լիագումար նստաշրջանի աշխատանքային չորրորդ օրվա ընթացքում տեղի ունեցավ Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովման հարցի հրատապ քննարկումը։
«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» վերտառությամբ զեկույցն ընդունվեց մեծամասնության քվեարկության արդյունքում։
Հունիսի 19-23-ին ԵԽԽՎ-ում ամառային լիագումար նստաշրջանի կարևոր կետերից մեկը համատեղ հրատապ քննարկումն էր Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի քաղաքական հետևանքների, ինչպես նաև Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերին ռուս և բելառուս մարզիկների մասնակցության վերաբերյալ:
«Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովում» զեկույցի հեղինակը իռլանդացի պատգամավոր, ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Փոլ Գավանն է, ով էլ ներկայացրեց զեկույցը։ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները իրենց աջակցությունը հայտնեցին զեկույցին, որը պահանջում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժ, ինչպես նաև ԵԽ փաստահավաք առաքելություն տեղում իրավիճակը գնահատելու նպատակով։ Փոփոխությունների առաջարկություններ ներկայացվեցին Ադրբեջանի պատվիրակության կողմից, Ադրբեջանի պատվիրակությանը հաջողվեց զեկույցի առաջին պարբերությունից հանել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։
ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովն իր ելույթում հայտարարել էր, թե իբր Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, այլ գոյություն ունի Ղարաբաղի շրջան Ադրբեջանում և հայերը Ղարաբաղում Ադրբեջանի քաղաքացիներն են։