Բաժիններ՝

ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 886 մլրդ դոլարի պաշտպանական բյուջեն, որը ներառում է նաև աջակցություն Ուկրաինային

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովն ընդունել է 886,3 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ պաշտպանության բյուջեի նախագիծը հաջորդ ֆինանսական տարվա համար, որը ներառում է նաև միջոցներ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու և Եվրոպայում «Ռուսաստանին զսպելու» նպատակով, տեղեկացնում  «ТАСС»-ը։

Նախաձեռնությունը պաշտպանել է 58 կոնգրեսական, դեմ է քվեարկել միայն մեկ կոնգրեսական։ Բյուջեի նախագծի 17-ժամյա քննարկման ընթացքում, որով ի սկզբանե նախատեսվում էր հատկացնել 858 մլրդ դոլար, ընդունվել են ավելի քան 800 ուղղումներ։ Փաստաթուղթը հաջորդիվ կքննարկվի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում։

Պաշտպանության բյուջեի նախագծում ներառված է 80 մլն դոլար՝ Ուկրաինային տրամադրվելիք օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերի համար։ Կոնգրեսականները մտադիր են նաև 300 միլիոն դոլար օգնություն ուղարկել Կիևին՝ Ուկրաինայի անվտանգության աջակցության նախաձեռնության շրջանակներում, ինչը ենթադրում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պայմանագրերի կնքում արտադրողների հետ, այլ ոչ թե ուղղակիորեն այս կամ այն ​​սարքավորումների և միջոցների տրամադրում Պենտագոնի պահուստներից։

Միջոցները պետք է ուղղվեն Ուկրաինայի Զինված ուժերին մարտավարական հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր մատակարարելու, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների զինանոցները համալրելու համար, որոնք Կիևին տրամադրում են իրենց սպառազինությունը։

Ամերիկացի օրենսդիրները մտադիր են ևս մեկ տարով երկարաձգել Պենտագոնի և ՌԴ պաշտպանության նախարարության համագործակցության սահմանափակումը, որը գործում է արդեն մի քանի տարի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս