Թուրքիայի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը։
Anadolu-ն հայտնել է, որ դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները քննարկումներ են անցկացրել նաև Ուկրաինայում տիրող իրավիճակի, ՆԱՏՕ-ի ընդլայնման ու երկկողմ հարաբերությունների վերաբերյալ։
Քննարկումները տեղի են ունեցել Ուկրաինայի վերակառուցմանը նվիրված երկօրյա միջազգային համաժողովի շրջանակում։
«Մենք Լոնդոնում ենք՝ ցույց տալու մեր աջակցությունն Ուկրաինային։ Դրա հետ մեկտեղ մենք կքննարկենք երկկողմ ու միջազգային հարցեր, ինչպես նաև համագործակցության հետ կապված խնդիրներ ինչպես ՆԱՏՕ-ի շրջանակներում, այնպես էլ այլ ձևաչափերում»,- TRT-ն մեջբերել է Ֆիդանի խոսքերը Բլինքենի հետ հանդիպումից։
Կողմերը քննարկել են ուկրաինական ճգնաժամը, երկկողմ հարաբերությունները, հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը։
Լոնդոնում կայացած համաժողովին մասնակցելու շրջանակներում Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նախկինում հանդիպումներ էր ունեցել Ավստրիայի, Իտալիայի, Գերմանիայի, Դանիայի և մի շարք այլ երկրների գործընկերների հետ։
Չորեքշաբթի օրը Լոնդոնում մեկնարկել է Ուկրաինայի վերականգնման երկրորդ համաժողովը։ Երկօրյա միջոցառմանը մասնակցում են ավելի քան 1000 օտարերկրյա հյուրեր 61 երկրներից, ոչ կառավարական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ։ Հայտնել է Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակը։