Բայդենը Սի Ծինփինին անվանել է «բռնակալ», Պեկինն արձագանքել է
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի ղեկավար Սի Ծինփինին անվանել է «բռնակալ»: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ Բայդենը նման հայտարարություն է արել Կալիֆորնիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պեկին այցից ընդամենը մեկ օր անց:
Բայդենն անդրադարձել է փետրվարին ԱՄՆ-ի կողմից Չինաստանի՝ ենթադրաբար լրտեսական օդապարիկի խոցման միջադեպին: Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ Սի Ծինփինը շատ է վրդովվել, երբ «լրտեսական սարքավորումներով լի» օդապարիկը խոցվել է, քանի որ տեղյակ չի եղել, որ օդապարիկն այնտեղ է:
«Դա լուրջ անհարմար դրություն է բռնակալների համար, երբ նրանք տեղյակ չեն , թե ինչ է կատարվել», – ասել է Բայդենը:
Չինաստանը բողոք է հայտնել Բայդենի այս խոսքերի դեմ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Մաո Նինը դրանք անվանել է սադրանք:
«ԱՄՆ նախագահի խոսքերն անպատասխանատու են, հակասում են դիվանագիտական էթիկայի կանոններին և բացահայտ սադրանք են: Չինաստանը խստորեն բողոքում է», – ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Ըստ Չինաստանի՝ օդապարիկն օդերևութաբանական ուսումնասիրություններ էր կատարում ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածի երկնքում: Վաշինգտոնի պնդմամբ՝ օդապարիկը Չինաստանի կողմից հետախուզական տվյալներ հավաքելու ծրագրի մի մասին էր: Միջադեպի պատճառով այդ ժամանակ հետաձգվել էր Էնթոնի Բլինքենի ծրագրված այցը Պեկին:
Փոխարենը՝ ԱՄՆ պետքարտուղարը Չինաստան է այցելել հունիսի 18-19-ը: Նա հանդիպում է անցկացրել Սի Ծինփինի, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի գրասենյակի ղեկավար Վանգ Յիի և Չինաստանի արտգործնախարար Ցին Գանի հետ: Բայդենն այդ այցի արդյունքներով վստահություն էր հայտնել, որ երկու երկրների միջև հարաբերություններում առաջընթաց է ձեռք բերվել: