Բաժիններ՝

15 մլն դոլար՝ հայաստանյան մեդիայի զարգացման համար․ մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ծրագիրը

Այսօր պաշտոնապես մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրը, որ նպատակ ունի աջակցել երկրում անկախ մեդիայի կայացմանը։ Ծրագիրն իրականացնում են Ինտերնյուզ կազմակերպությունը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Երևանի մամուլի ակումբը և «Զինք նեթվորք»–ը։

Հայաստանի մեդիայի զարգացման հնգամյա ծրագրի բյուջեն 15 միլիոն ԱՄՆ դոլար է։

«Ծրագիրը հիմնվում է ԱՄՆ ՄԶԳ կողմից նախկինում ֆինանսավորված մի շարք նախաձեռնությունների վրա, որոնք առանցքային դեր են ունեցել ոչ միայն Հայաստանում անկախ լրատվամիջոցների ամրապնդման, այլ նաև մեդիագրագիտության կենսական հմտությունների տարածման գործում: Ամերիկայի ժողովրդի անունից ուրախ եմ տեղեկացնել, որ 15 մլն դոլար գնահատված այս ծրագիրը մինչ օրս ԱՄՆ ՄԶԳ ամենախոշոր ներդրումն է հայաստանյան մեդիա դաշտում»,- միջոցառման բացման խոսքում ասաց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն։

Կիրառելով նորարարական մոտեցումներ՝ ծրագիրը կբարելավի լրագրողական սկզբունքները, կխթանի հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և կձևավորի նպաստավոր միջավայր՝ հասարակությանը ապատեղեկատվությունից պաշտպանելու համար: Ծրագրի հավակնոտ նպատակներից է ստեղծել մեդիայի աջակցության անկախ ու թափանցիկ հիմնադրամ, որը կսատարի լրատվամիջոցների կայուն գործունեությանը: Լրագրության գերազանցության աքսելերատորի միջոցով ծրագիրը գործնական ուսուցում և մենթորություն կտրամադրի մեդիա մասնագետների և բովանդակություն ստեղծողների համար:

«Ինտերնյուզի համար շատ ուրախալի է Հայաստանում մեկնարկել լրատվամիջոցների համապարփակ աջակցության այս ծրագիրը։ Մենք աշխատելու ենք տարբեր ուղղություններով՝ կայացնելու մեդիա դաշտն ու դարձնելու այն ավելի կենսունակ, զարգացնելու հանրության քննադատական մտածողությունը և մշակելու դաշտի արդյունավետ կարգավորումներ՝ ի նպաստ ողջ հասարակության», – ասաց Հայաստանի մեդիայի զարգացման ծրագրի տնօրեն Կորինա Չեպոյը:

Ծրագիրն անմիջականորեն աշխատելու է Հայաստանի մեդիայի ներկայացուցիչների՝ լրագրողների, խմբագիրների, մենեջերների, այլընտրանքային բովանդակություն ստեղծողների հետ։ Այն կօգնի ամրապնդել կապերը մեդիայի, քաղաքականություն մշակողների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև, և գործընկերային կապերն ուժեղացնելով՝ կփորձի բարեփոխել դաշտն ու բարձրացնել հասարակության դիմակայունությունը կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկությունների ու աղբյուրների նկատմամբ:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը խորապես հավատում է, որ անկախ մեդիան ժողովրդավարության կայացման հիմնաքարերից է, և իր գործընկերների հետ վճռական քայլեր է ձեռնարկում՝ որակյալ տեղեկատվության տարածման ճանապարհ հարթելու համար՝ ի նպաստ երկրի առաջընթացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս