
Չինաստանն առայժմ չի համաձայնել վերականգնել ԱՄՆ-ի զինվորականների հետ ուղիղ շփումների ուղիները. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ Պեկինում բարձրացրել է զինվորականների միջև կապի ուղիղ ուղիների վերականգնման հարցը, սակայն Պեկինը դեռ չի համաձայնել դրան: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությունը:
«Ինչ վերաբերում է զինվորականների միջև կապի ուղիներին, ապա դա մի հարց է, որը ես բազմիցս բարձրացրել եմ այս այցի ընթացքում: Ես կարծում եմ, որ նման ուղիների առկայությունը կենսական նշանակություն ունի, և դա ընդգծվում է օդային տարածքում և ծովում տեղի ունեցած վերջին միջադեպերով: Այս պահին Չինաստանը չի համաձայնել առաջ շարժվել այդ ուղղությամբ»,-ասել է Բլինքենը Պեկին կատարած այցի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ:
CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Պետդեպարտամենտի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ին չի հաջողվել բեկում մտցնել Չինաստանի հետ անմիջական ռազմական կապերի վերականգնման հարցում, սակայն Վաշինգտոնը շարունակում է աշխատել այդ ուղղությամբ։
Նրան հարցրել են, թե արդյոք Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «կատեգորիկ ոչ» է պատասխանել կապի այդ ուղիները վերսկսելու Վաշինգտոնի ցանկությանը: «Ոչ. աշխատանքներ են տարվում»,-ասել է Բլինքենը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տեսանելի ապագայում երկու երկրների պաշտպանության նախարարներին կհաջողվի խոսել միմյանց հետ՝ նա նշել է, որ դա առավել քան կարևոր են համարում: