Բաժիններ՝

«Շատ վաղուց Հայաստանում 3 մլն վարչապետ չկա՝ կա ֆաշիստական վարչակարգ, որտեղ կա Նիկոլ Փաշինյան, իսկ ժողովուրդն ընդամենը գործիք է». Գագիկ Համբարյան

Երեկ Գյումրում անձրևների հետևանքով քաղաքի գրեթե բոլոր փողոցները հեղեղված էին անձրևաջրով, խափանվել է մարդկանց ու մեքենաների տեղաշարժը։

Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ նման դեպք Գյումրում ո՛չ առաջինն է, և համոզված է, ո՛չ էլ վերջինն է լինելու։

«Անցած և նախանցած տարիներին կրկին նույն ժամանակահատվածում, երբ ուժեղ կարկուտ անձրև տեղաց, Գյումրու կենտրոնական հատվածը, հատկապես Տերյան փողոցը Երևանյան խճուղուն կապող կարևորագույն մասը գտնվում էին հեղեղված վիճակում։ Այս ամենի պատճառը մեկն է՝ հեղեղատարներն ու ջրատարները լավ չեն գործում։ Սա նաև վերջին շինաշխատանքների արդյունքում չլուծվեց, նկատի ունեմ այդ ճանապարհաշինարարական ծրագրերը, որոնք անում են։ Ինչ ասեմ, սա է իրավիճակը, սա նորություն չէ։

Մեծ թվով մարդիկ երկրաշարժից տարիներ անց, արդեն տեղափոխվել են շենքեր կամ սեփական տունն են կառուցել ու գնացել, չենք տեսնում այն սարսափելի վիճակը, որը կար Ավտոկայանի տնակավանում։

Կարդացեք նաև

Այնտեղ անձրևաջրերը խառվում էին կոյուղատարի հետ և լցվում էին մարդկանց տնակները։ Խնդիրը հետևյալն է, ենթադրաբար, շինարարները հաշվի չեն առնում, որ Գյումրիում կարող են այսպես արևադարձային ու տրոպիկական անձրևներ գալ, որովհետև երեկվա անձրևը սարսափելի էր, որոշ փողոցներ ուղղակի հայտնվել էին ջրի տակ, սա մեզ համար արդեն նորություն չէ»,-168.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Համբարյանը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ բազմիցս այցելել է Գյումրի, բնակիչները նրան այս ամենի մասին չե՞ն տեղեկացրել, որպեսզի լուծի, Գագիկ Համբարյանը պատասխանեց, որ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը գնումէ Գյումրի ու շփվում սովորական քաղաքացիների հետ, այն,ինչ տեսախցիկներով ներկայացվում է հանրությանը, զուտ շոու է։

«Որքանով տեղյակ եմ, Նիկոլ Փաշինյանը Գյումրի գալուց, թեկուզ «քյալլա» ուտելուց կամ «կարկանդակ ու եգիպտացորեն» փարթի անելուց, ժողովրդի մեջ չի լինում, նա հիմնականում փակ միջոցառումներին է լինում,կամ բեմականացումներ են լինում նրա մասնակցությամբ։ Այդ ժամանակ որևէ մեկը չի կարող մոտենալ Նիկոլ Փաշինյանին ու որևէ խնդրի մասին բարձրաձայնել, օրինակ, ինչպե՞ս եք պատկերացնում մկրտության ժամանակ ինչ-որ մեկը մոտենա Նիկոլ Փաշինյանին ու ասի՝ երկրի ղեկավար եք, այս ի՞նչ է քաղաքի փողոցների վիճակը։ Իսկ այդ փարթին որ կազմակերպել էին՝ կարկանդակ ուտելը և եգիպտացորեն ուտելը, որպես գյումրեցի՝ փաստում եմ՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Աննա Հակոբյանը չեն մոտեցել ու կարկանդակ ու եգիպտացորեն չեն գնել, թիկնազորից են գնել ու տվել նրանց։ Դե, իրենք էլ հասարակությանը ցույց տալու համար, թե՝ տեսեք, ինչ հասարակ մարդիկ ենք, որ կարկանդակ ենք ուտում, այս ամենը, իհարկե, բեմականացում է։ Կրկնում եմ՝ Գյումրիում եմ ապրում ու բավականին շատ գործարարների եմ ծանոթ, շատ լավ գիտեմ՝ այդ ամենը որտեղից է գնվել։ Իսկ «Գուրման» խանութ մտել էին գրեթե անճանաչելի ձևով՝ կրկին շրջափակված թիկնապահներով», -հավելեց Գագիկ Համբարյանը։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակին հայտարարում էր, որ Հայաստանում 3 մլն վարչապետ կա, հետևաբար՝ այսօր ի՞նչն է խնդիրը, որ 3 միլիոնից որևէ մեկը չի կարող մոտենալ նրան, Գագիկ Համբարյանն արձագանքեց.

«Շատ վաղուց Հայաստանում 3 մլն վարչապետ չկա, այլ կա ֆաշիստական վարչակարգ, որտեղ կա Նիկոլ Փաշինյան։ Նրա բոլոր ապօրինի, անօրինական, կիսաօրինական քմահաճույքները կատարում են այս իշխանության ներկայացուցիչները, իսկ ժողովուրդն ընդամենը գործիք է, որով կյանքից «աբիժնիկ» Նիկոլ Փաշինյանը գալով իշխանության՝ այնպիսի վարչակարգ ստեղծեց, որ մարդիկ երնեկ են տալիս արդեն ՀՀԿ-ին»։

Տեսանյութեր

Լրահոս