Բաժիններ՝

«Բարևն Աստծունն է. կարծում եմ՝ խնդիր չկա, կամ գուցե կա, դրա մասին չգիտեմ». Վայքի համայնքապետ

Հունիսի 17-ին Դիլիջանում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքական ժողովը: Իսկ երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ժողովից հետո հենց Դիլիջանում տեղի է ունեցել ծեծկռտուք Վայքի համայնքապետի և ՔՊ-ականների միջև։ Վեճի պատճառն էլ եղել է այն, որ Վայքի համայնքապետը չի բարևել ճանապարհին հավաքված ՔՊ-ականներին, ինչից հետո վիրավորված ՔՊ-ականնները հաշիվ են պարզել համայնքապետից, ինչն էլ վերածվել է ծեծկռտուքի։

168.am-ը Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ խնդիրներ ունի ՔՊ-ի կամ ՔՊ անդամների հետ, որ Դիլիջանում նրանց չի բարևել։

Ի պատասխան մեր հարցի, համայնքապետն ասաց, որ այդ հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում, ինքը որևէ վեճ չի ունեցել։

«Ես չգիտեմ՝ ինչ նպատակով են նման հրապարակումներ անում, բայց նման վեճ տեղի չի ունեցել։ Ես չգիտեմ՝ ինձանից ինչ են ուզում, հնարավոր է՝ չուզողներ ունեմ։

Բարևն Աստծունն է, ես միշտ մարդկանց բարևում եմ, ում կողքով անցնում եմ։ Ես մարդկանց հետ նորմալ հարաբերություններ ունեմ, գուցե լինեն մարդիկ, որ հարաբերություններ չունենամ, բայց հիմնականում բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ»,- շեշտեց Մխիթար Մաթևոսյանը։

Հարցին՝ այսինքն՝ ՔՊ-ի հետ խնդիր չկա՞, Վայքի համայնքապետը պատասխանեց.

«Կարծում եմ՝ չկա, կամ գուցե կա, ես դրա մասին չգիտեմ»։

Հիշեցնենք, որ Վայքի գործող համայնքապետը նախորդ տարի Վայքում ՏԻՄ ընտրություններում գլխավորում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը։ Ինչպես նա էր իր հարցազրույցներից մեկում ասել՝ ՔՊ-ի կողմից է առաջարկ ստացել, այդ պատճառով էլ որոշել է առաջադրվել ՏԻՄ ընտրություններում, իսկ նախկինում երբեք քաղաքականությամբ չի զբաղվել։

 

Տեսանյութեր

Լրահոս