Գլխավոր դատախազին ուզում ենք իրազեկել՝ բացի Հ1-ից, կան նաև այլ լրատվամիջոցներ. Մարինե Ֆարմանյան
«Երկրի բարձրագույն ամբիոնից դատախազը հայտարարեց, որ տեղեկացված չէ փաստաբանների նկատմամբ բռնության դեպքի մասին: Ենթադրում ենք՝ քանի որ նա միայն «Հ1»-ի լրատվական բազային է հետևում, բայց կան նաև այլ լրատվամիջոցներ, կան ինֆորմացիայի այլ աղբյուրներ, որոնց միջոցով մեր հարգարժան դատախազը կտեղեկանա երկրում կատարվողի և, մասնավորապես, փաստաբանների դեմ բռնությունների մասին»,- դատախազության բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Մարինե Ֆարմանյանը:
Հիշեցնենք՝ այսօր փաստաբանները բողոքի ակցիա իրականացրին https://168.am/2023/06/19/1889853.html դատախազության շենքի մոտ: Նրանք գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին կարմիր ժապավենով հեռուստացույց նվիրեցին:
Անդրադառնալով այդ բռնությունների առնչությամբ ՄԻՊ-ի արձագանքին՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանն այդ արձագանքը համարժեք չհամարեց, այդուհանդերձ նկատեց. «Ցանկալի կլիներ՝ շատ ավելի աննահանջ դիրք արձանագրվեր այդ բռնությունների նկատմամբ»:
Նա ցավով արձանագրեց՝ պետությունը հասել է այն վիճակին, որ փաստաբանները, դատական նիստերը թողած, պայքարում են իրենց և դատավորների իրավունքների համար:
«Որովհետև եթե չլինի իրական արդարադատություն, իրական դատավորներ, ապա մեր աշխատանքը կլինի առարկայազուրկ»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին փաստաբան Կարեն Ալավերդյանը ոստիկանական բաժանմունքում ոստիկանների կողմից բռնության էր ենթարկվել, երբ փորձել էր կանխել իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանների բռնությունը։
Ավելի վաղ այդպիսի բռնության դեպք էր տեղի ունեցել նաև փաստաբաններ Մարզպետ Ավագյանի ու Էմանուել Անանյանի նկատմամբ: Դեպքը տեղի էր ունեցել ոստիկանության Էրեբունու բաժնում, որտեղ փաստաբանները ներկայացնում էին իրենց անչափահաս պաշտպանյալի շահերը։
Մանրամասները՝ տեսանյութում