Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից. Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը գրում է. «Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից:

Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրությունները, տարածվող թեզերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով: Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք քայլեր ձեռնարկելու փոխարեն, Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են շրջանառության մեջ դնել մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզեր: «Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններից հետո Փաշինյանը սկսեց հանդես գալ ելույթներով, որոնցով փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյությունն առհասարակ: Ես բազմիցս եմ նշել, որ Արցախից հրաժարումը կործանարար է լինելու հայոց պետականության համար: Փաշինյանը իր գործողություններով ապացուցում է դա: Ստացվում է, որ մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, կրոն, պետականություն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչման կարևորություն, Արցախի հիմնահարց… Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, փորձում կոտրել մեր ազգային արժանապատվությունը:

Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից: Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը: Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք հենց ինքներս»:

Տեսանյութեր

Լրահոս