
ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ի վերաբերյալ սպառնալիքների մասին տվյալները հարցեր են առաջացնում. ՌԴ ԱԳՆ

Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների` Լեռնային Ղարաբաղին ուղղված սպառնալիքների մասին հաղորդագրությունները հարցեր են առաջացնում ԱՄՆ միջնորդների ադեկվատության վերաբերյալ: ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել են ՌԴ արտգործնախարարությունում։
Ավելի վաղ ԱՄՆ–ում դիվանագիտական աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ Վաշինգտոնը վերջնագրային ձևով պարտադրում է Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներին երրորդ երկրում հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իսկ հրաժարվելու դեպքում սպառնում է ադրբեջանական հակաահաբեկչական գործողություն անցկացնել:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ամերիկյան խաղաղապահ նախաձեռնության լոբբինգն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, որի շահերը լիովին համընկնում են ադրբեջանականի հետ:
ՌԴ ԱԳՆ-ն ավելացրել է, որ ռուսական կողմին անհանգստացնում են տվյալներն այն մասին, որ Վաշինգտոնը փորձում է միջնորդական ծառայություններ պարտադրել Բաքու– Ստեփանակերտ երկխոսությունում, այդ թվում՝ ուժի կիրառման սպառնալիքների միջոցով: