
Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որն ընդունել է Արցախը որպես Ադրբեջանի մաս. Բորել

Երկու կողմերն էլ (Հայաստանը և Ադրբեջանը – խմբ.) ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ դրսևորումներով, և առաջին անգամ և, հավանաբար, շատ կարևոր է այն փաստը, որ Հայաստանը Ղարաբաղը ներառեց Ադրբեջանի տարածքում։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման հետ կապված ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։
«Սա առաջին անգամն է, որ Հայաստանի ղեկավարը, տվյալ դեպքում Փաշինյանը, դա արտահայտում է նման միանշանակ կերպով։ Դա միանգամայն միանշանակ էր»,- ընդգծել է Բորելը։
Այդ կապակցությամբ նա հույս է հայտնել, որ Բաքուն կընդունի Հայաստանի վարչապետի ուղերձը և Լեռնային Ղարաբաղի հայերին կուղարկի «դրական նարատիվ՝ իրենց իրավունքների, անվտանգության վերաբերյալ հստակ ուղերձով, որ դրանք լիովին կհարգվեն»։
«Սա համաձայնագրի մեսիջներից մեկն է, որը պետք է զուգահեռ ընթանա բանակցային գործընթացի այլ կետերի հետ»,- ասել է Բորելը։