Բաժիններ՝

Ամազոնի ջունգլիներում 40 օր կորած չորս երեխաներին գտնելու տեսանյութը տարածվել է համացանցում

Կոլումբիայում՝ Ամազոնի ջունգլիներում մի քանի շաբաթ առաջ կորած չորս երեխաներին գտնելու առաջին պահերը ֆիքսած տեսանյութը տարածվել է համացանցում: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Չորս երեխաները՝ 13, 9, 5 տարեկան և 11 ամսական, ջունգլիներում էին հայտնվել մայիսի 1-ին, երբ նրանց ինքնաթիռը վթարի էր ենթարկվել: Ավիավթարի հետևանքով զոհվել էին 2 օդաչուները և երեխաների մայրը: Երեխաներին գտել են հունիսի 9-ին և տեղափոխել Բոգոտայի ռազմական հիվանդանոց:

Ինչպես հաղորդում է Independent պարբերականը, երեխաները ջունգլիներում 40 օր կարողացել են ողջ մնալ շնորհիվ այն բանի, որ 13-ամյա ավագ քույրն օգտագործել է «ողջ մնալու խաղերի» ընթացքում ձեռք բերված հմտությունները: Նրանց մորաքույրը պատմել է, որ դեռահասը և 9-ամյա երեխան նախքան այս վթարը հաճախ խաղեր էին խաղում՝ ճամբարներ պատրաստելով: Վթարից հետո ավագ քույրը, ինչպես խաղում, վրաններ է պատրաստել՝ օգտագործելով մազակալներ: Բացի այդ, աղջիկն իմացել է, թե ո՛ր մրգերը կարելի է ուտել, իսկ որոնք են թունավոր: Նա նաև իմացել է, թե ինչպես է հարկավոր հոգ տանել նորածին երեխայի համար: Երեխաները հուիտոտո բնիկ ժողովրդի ներկայացուցիչներ են:

Երեխաների կորելուց շուրջ երկու շաբաթ անց՝ մայիսի կեսերին, որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե երեխաներին գտել են: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ այդ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս