Բաժիններ՝

Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ փաստաբանը կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ․ քննչական կոմիտե

Նկատի ունենալով, որ այսօր հրավիրված մամո ասուլիսի շրջանակներում ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Կ․ Ալավերդյանի կողմից իրեն վերաբերող քրեական վարույթի առնչությամբ արված հայտարարությունները հանրության և լրատվամիջոցների շրջանում առաջացրել են որոշակի հարցադրումներ` ՀՀ քննչական կոմիտեն հարկ է համարում պարզաբանել հետևյալը։

2023թ․ հունիսի 7-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնից ստացված նյութերի համաձայն՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում դատական նիստի ընթացքում խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա ձերբակալվել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխվել 2 քաղաքացի: Ժամը 16:40-ի սահմաններում նշված քաղաքացիների հետ բաժին են մոտեցել ևս 2 քաղաքացի։ Չնայած վերջիններիս ուղղված՝ դրսում սպասելու մի քանի հորդորներին՝ նրանք դիտավորյալ խախտել են հասարակական կարգը, բարձրաձայն գոռգռացել, հնչեցրել հայհոյանքներ, փորձել են հրմշտոցի միջոցով մուտք գործել բաժնի վարչական շենք, ինչի արդյունքում խաթարվել է բաժնի բնականոն աշխատանքը: Ֆիզիկական ուժ գործադրելով խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիման վրա նշված 2 քաղաքացիները ձերբակալվել են և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀ բաժանմունք:

Ոստիկանությունից զեկուցագիր է ներկայացվել այն մասին, որ ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ձերբակալվածներից մեկն աշխատասենյակում իրեն դրսևորել է ոչ ադեկվատ, բղավել է, խոչընդոտել ոստիկանության ծառայողների բնականոն աշխատանքը:

Վերջինս հրել է ոստիկանության ծառայողին, հարվածել նրան, բաժնի այլ ծառայողներին ու սկսել հայհոյել: Ոստիկանության աշխատակիցների կողմից գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և նշված անձին մի քանի հոգով փորձել են պահել, քանի որ վերջինս գլխով և ոտքերով հարվածել է թե իրենց, և թե աշխատասենյակում գտնվող գույքին: Այդ ընթացքում աշխատասենյակ է եկել Կ․ Ալավերդյանը՝ ներկայանալով որպես ձերբակալվածներից մեկի փաստաբան։

Տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով՝ նա կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից: Ըստ հաղորդման՝ վերջինս իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին’ մասնավորապես չի թույլատրել, որպեսզի ոստիկանները կազմեն համապատասխան ձերբակալման արձանագրություն: Կ․ Ա․-ին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա և վերջինս խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է:

Դեպքի առթիվ 2023թ. հունիսի 7-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով և 489-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. հունիսի 8-ին, ներկայացված միջնորդությունները բավարարելով, հսկող դատախազի որոշմամբ ձերբակալվածներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երկուսի նկատմամբ, այդ թվում նաև Կ․ Ալավերդյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց ներկայացվել է մեղադրանք։

Մեղադրյալ Կ․ Ալավերդյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ՀՀ-ից բացակայելու արգելքը:

Մյուս երեք մեղադրյալների նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեղադրյալներից երեքի վրա մարմնական վնասվածքների առկայությունը, բնույթը և ծանրության աստիճանը պարզելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության ԵՔՎ Կենտրոնական բաժնի, ինչպես նաև Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում վարչական շենքում առկա տեսախցիկներից կատարված, քննության համար հետաքրքրություն ներկայացնող տեսագրություններն ստանալու համար։

Բացի այդ, Կ․Ա․-ն հունիսի 7-ին հաղորդում է տվել նույն օրը Ոստիկանության կենտրոնական բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում նախաձեռնվել է մեկ այլ քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս վարույթը փոխանցվել է ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչություն՝ նախաքննություն իրականացնելու նպատակով։

Քրեական վարույթների նախաքննությունը շարունակվում է, անաչառ քննությամբ պարզվում են դեպքի բոլոր հանգամանքները։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս