ԵՄ-ն մեծ հույսեր է կապում Բրյուսելում հուլիսին նախատեսված հանդիպման հետ. Բորել

ԵՄ առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պրոցեսի մի մասն է, բայց այն չի կարող ամբողջությամբ փոխարինել գործընթացին. միակ լուծումը դիվանագիտական տիրույթում է։ Հակամարտող կողմերը ցանկություն են հայտնել շարունակելու բանակցություններն, ու հաջորդ հանդիպումը կայանալու է Բրյուսելում, որի հետ ԵՄ-ն մեծ հույսեր է կապում։

Նման հայտարարություն է արել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Եվրոպական խորհրդարանում «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները և Լեռնային Ղարաբաղում ու Լաչինի միջանցքում տիրող իրավիճակը» թեմայով քննարկման ժամանակ:

Բորելի դիտարկմամբ՝ Լաչինի միջանցքում առկա իրավիճակն անշուշտ հարուցում է միջազգային հանրության անհանգստությունը, սակայն ԵՄ-ն հասանելիություն չունի միջանցքում տեղակայված անցակետին, հետևաբար զրկված է լիարժեք դիտարկում իրականացնելու հնարավորությունից։

«ԵՄ-ն շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատմամբ և այդ նպատակով իրականացնում է ինչպես մարդասիրական բնույթի նախաձեռնություններ, այնպես էլ անմիջական ջանքերով նպաստում է խաղաղությանը միտված բանակցություններին։ Մենք ներգրավված ենք նաև կոնֆլիկտի ընթացքում անհետ կորած անձանց գտնելու և նոր բախումներից հակամարտող կողմերին զերծ պահելու աշխատանքներում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս