Դա ցույց է տալիս, որ կան տարածքային նկրտումներ ՀՀ–ի նկատմամբ. Ալիևի ու Էրդողանի հիմնական ուղերձները՝ ըստ Տաթևիկ Հայրապետյանի

Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում ներկայացրել է այսօր տեղի ունեցած Ալիև–Էրդողան համատեղ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարությունների հիմնական կետերը։ Ըստ նրա՝ դրանք են՝

«–Ալիևը շնորհավորել է Էրդողանին հաղթանակի առթիվ և նշել՝ խորհրդանշական է, որ այցը տեղի է ունենում Շուշիի դեկլարացիայի կնքման երկրորդ տարելիցի ժամանակ (հիշեցնեմ, որ այդ դեկլարացիան ռազմաքաղաքական պակտ է՝ ուղղված առաջին հերթին Հայաստանի դեմ, այն կնքվել է 2021 թ. հունիսի 15–ին օկուպացված Շուշիում): Ալիևը շնորհակալություն է հայտնել Էրդողանին 44-օրյա պատերազմում ցուցաբերած «եղբայրական օգնության» համար:

–Ալիևը նշել է, որ զրուցել են երկկողմ օրակարգի ու պաշտպանական հարցերում իրենց համագործակցության շուրջ: Այս տարի անց են կացվելու 16 համատեղ զորավարժություն: Ադրբեջանական բանակը զարգանալու է թուրքական բանակի մոդելի օրինակով:

–Ալիևը հայտարարել է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, իբրև իրենք դա տեսել են երեսուն տարի շարունակ և այսօր միակ արդյունք տվող գործոնը դա ռազմական ներուժն է:

–Ալիևը նշել է, որ ինտեսիվ աշխատում են «Զանգեզուրի միջանցքի» բացման ուղղությամբ և այդ «միջանցքի» բացումն անխուսափելի է:

–Էրդողանը նշել է, որ Թուրքիան ու Ադրբեջանը երկու եղբայրներ են, նրանց առաջնորդում է «մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքը:

–Էրդողանը ևս կարևորել է «Զանգեզուրի միջանցքի» բացումը, որը կօգնի ամրապնդել կապը Նախիջևանի և Թուրքիայի միջև, ինչը կնպաստի Ադրբեջան–Թուրքիա հարաբերությունների հզորացմանը:

–Էրդողանը հայտարարել է, որ իրենք պատրաստ են ցանկացած պահի բացել գլխավոր հյուպատոսություն օկուպացված Շուշիում։ «Դա, բնականաբար, կրկին ուղերձ կլինի ողջ աշխարհին, այդ թվում՝ Հայաստանին»,–նշել է նա:

–Նշել է նաև, որ իր ազդեցությունը մեծացնելու համար Ադրբեջանը պետք է հասնի նրան, որ ամեն ընտանիքում նվազագույնը հինգ երեխա ծնվի: Ինչին ի պատասխան՝ Ալիևն ասել է, որ աշխատում են այդ ուղղությամբ:

Եթե ամփոփենք, նրանց հիմնական ուղերձը հետևյալն էր՝ խնդիրները լուծվում են զենքով, իրենք էլ իրենց ներուժը դնում է ռազմականացման վրա: Իրենք որևէ կերպ չեն հրաժարվում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարից, ինչը ցույց է տալիս, որ կան տարածքային նկրտումներ ՀՀ–ի նկատմամբ:

Եթե Ալիևն ասում է, որ միջազգային իրավունքը չի աշխատում, ապա դրանով իսկ ընդունում է, որ ինչ պայմանագիր կամ թուղթ էլ ստորագրվի, նրանք դա կարող են ցանկացած պահի խախտել, ինչպես եղավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դեպքում»։

Տեսանյութեր

Լրահոս