Սոթքում լսվում են միայն ամպերի գոռգոռոցները. Տրետուքում ադրբեջանական կրակոցների ձայները չեն լսվել. գյուղապետեր

Պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 13-ին ժամը 11:30-11:45-ը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրետուքի և Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

«Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է նաև ականանետ: Հայկական կողմում տուժածներ չկան»,- նշված էր ՊՆ հաղորդագրության մեջ:

168.am հետ զրույցում Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Տրետուք գյուղի վարչական ղեկավար Մաքսիմ Գալստյանն ասաց, որ կրակոցները գյուղ չեն հասել, քանի որ այս պահին էլ գյուղում է, սակայն կրակոցի որևէ ձայն չի լսել։

«Գյուղի տարածքում կրակոցի ձայն չի լսվել։ Ադրբեջանական կրակոցների վերաբերյալ հարցերն իմ ասելիքը չեն, նման հարցերով պետք է դիմեք Պաշտպանության նախարարությանը, ինքս այդ ամենի հետ կապ չունեցող մարդ եմ։

Կարդացեք նաև

Ես տնտեսական հարցերով եմ զբաղվում, տնտեսությունը տեղում է, մարդիկ աշխատում ու ապրում են, վերջ։ Ամեն ինչ նորմալ է, շնորհակալություն»,- նշեց Մաքսիմ Գալստյանը։

168.am հետ զրույցում Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց, որ այսօր Սոթքում եղանակն ամպամած է, պարբերաբար լսվում է ամպերի գոռգոռոցը, հետևաբար՝ կրակոցների ձայները գյուղում չեն կարող լսել։

«Եթե այլ ժամանակ լիներ, հավանաբար կրակոցների ձայները կլսեինք, սակայն այս պահին գյուղում լսվում է միայն ամպերի գոռգոռոցը»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս