Էրդողանը նախապայման է դրել Հունաստանի առաջ

Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընտրություններից հետո առաջին պաշտոնական այցով հունիսի 12-ին մեկնել է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Այդ ինքնահռչակ հանրապետության ղեկավար Էրսին Թաթարի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Էրդողանն անդրադարձել է հյուրընկալող կողմի էլեկտրաէներգիայի հարցում ունեցած խնդիրներին:

Այս առիթով նշվել է, որ Թուրքիայի համար առաջնահերթություն է թուրքական հանրապետությանն էլեկտրաէներգիայով ապահովելը, ինչի նպատակով պլանավորվում է Թուրքիայից մալուխային տարբերակով հոսանք հասցնել մինչև կղզի:

Իսկ կիպրական հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու մասին խոսելիս՝ Էրդողանը հունական կողմի համար հստակ պայման է մատնանշել, այն է՝ ճանաչել կղզու հյուսիսում ինքնահռչակված թուրքական հանրապետությունը:

Հիշեցնենք, որ խնդիրը ծագել էր 1974-ին Թուրքիայի` Հյուսիսային Կիպրոս ներխուժելու և Կիպրոսի տարածքի մեկ երրորդը զավթելու հետևանքով։ Խնդրի կարգավորման վերաբերյալ ընդունվել էին ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևեր։ Չնայած Կիպրոսի Հանրապետությունը ճանաչված է որպես միակ օրինական իշխանություն կղզու տարածքում՝ հյուսիսային հատվածը դե ֆակտո (փաստացի) գտնվում է ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության իշխանության ներքո, որը պաշտպանվում է Թուրքիայի զինված ուժերի կողմից։

Տեսանյութեր

Լրահոս