Հռոմի պապը նամակ է հղել Զելենսկիին
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նամակ է գրել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, որտեղ հայտնել է իր «բարեկամությունը նրա տառապյալ ժողովրդին և ցույց տվել իր պատրաստակամությունն՝ ամեն ինչ անելու այդ տառապանքներին վերջ տալու համար»։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական խնդրի կարգավորման գծով Պապի հատուկ ներկայացուցիչ կարդինալ Մատեո Ձուպին, որը վերջերս է Կիևում հանդիպել Զելենսկիի հետ։
«Մենք պետք է նպաստենք խաղաղության հաստատմանը, որքան հնարավոր է արագ, հասկանանք, թե ինչ է անհրաժեշտ դրան հասնելու համար: Եվ դա է այն նամակի իմաստը, որը Պապը գրել է Զելենսկիին, հատկապես այն, թե ինչպես կարող ենք օգնել և լինել նրա տառապյալ ժողովրդի կողքին, ցույց տանք մեր շահագրգռվածությունը՝ այդ ողբերգությանը վերջ դնելու գործում», – հայտարարել է կարդինալը la Repubblica թերթում հրապարակված հարցազրույցում։
«Ես մեկնել էի Կիև՝ ասելու՝ մենք ձեզ հետ ենք և, ինչպես կկարողանանք, կօգնենք հասնելու խաղաղության», – նշել է Ձուպին։
Կարդինալը հավելել է, որ կան ազդանշաններ, որ իրեն Մոսկվայում կընդունեն կառավարության և Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները։
«Մոսկվայի համար Դոնբասի երկու տարածաշրջանները Ռուսաստանի մասն են: Ուկրաինան պայքարում է տարածքային ամբողջականության համար: Եվ ակնհայտ է, որ դրանք հակադիր դիրքորոշումներ են: Մենք կարող ենք լոկ ցանկանալ, որ այս վեճը լուծվի ոչ թե զենքի օգնությամբ, այլ այն բոլոր միջոցներով, որոնք մինչ օրս բավարար չեն եղել հակամարտությունից խուսափելու համար», – ասել է Պապի հատուկ ներկայացուցիչը:
Մայիսի 13-ին Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Զելենսկին։ Մի շարք լրատվամիջոցներ կարծում են, որ Մոսկվա կատարելիք այցի ժամանակ Ձուպին կարող է փոխանցել Պապի ուղերձը՝ հասցեագրված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: