Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Դիլիջանի նախկին ղեկավարի նկատմամբ
Հսկող դատախազի կողմից 2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) և Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) (2 դրվագ)։ Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
«Պարզվել է նաև, որ Դիլիջանի համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ա.Ս.-ն Դիլիջան քաղաքի Անդրանիկի 2-րդ նրբանցք 35 հասցեի հողամասի գրանցված սեփականատեր, Դիլիջան քաղաքի բնակիչ Վ․Ս․-ի հետ ունենալով ընկերական հարաբերություններ, տեղեկացված լինելով Վ․Ս․-ի կողմից վերոնշյալ հասցեում գտնվող, 0.3354 հա մակերեսով հողամասում առանց թույլտվության ինքնակամ շինարարության կատարման մասին, անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և չի ապահովել հողամասում ինքնակամ շինարարության կասեցումը։ Ավելին, 2010 թվականի նոյեմբերի 5-ին իր ստորագրությամբ և համայնքի կնիքով հաստատել է ակնհայտ կեղծ տեղեկություններով պաշտոնեական փաստաթուղթ՝ հողամասի առկա վիճակը բնութագրելով որպես չկառուցապատված: Այնուհետև, Ա․Ս․-ն Վ.Ս․-ի հետ 2013 թվականի հոկտեմբերի 24-ին կնքել է անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր, որով անշարժ գույքի նկատմամբ գրանցել է իր սեփականության իրավունքը:
2023 թվականի հունիսի 9-ին Դիլիջան համայնքի նախկին ղեկավար Ա.Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որի վերաբերյալ վերջինս դիրքորոշում չի հայտնել: Որպես խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը»:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: