ԻՊ գրոհայինները հարձակվել են իրաքյան բանակի դիրքերի վրա. զոհվել է երկու զինվոր, երեք հոգի վիրավորվել է
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները հարձակվել են իրաքյան բանակի դիրքերի դեմ Քիրքուկում՝ սպանելով երկու եւ վիրավորելով երեք զինվորի, տեղեկացրել է The Associated Press-ը՝ հղում կատարելով Իրաքի անվտանգության ծառայության մամուլի ծառայությանը։
Իրաքի անվտանգության մեդիա-կենտրոնը տեղեկացրել է, որ ծայրահեղական խմբավորման գրոհայինները շաբաթ երեկոյան գրոհել են ռազմական դիրքերը Դիբիսի մոտ թեթեւ եւ միջին զենքով, բայց ավելի մանրամասն տեղեկություն չեն տրամադրել։
Հայտարարությունում նշվել է, որ Իրաքի իշխանությունները խորհրդակցություն են անցկացրել հարձակման հետաքննության համար։
ԻՊ-ն ավելի ուշ ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Ավելի վաղ Իրաքի հակաահաբեկչական ծառայությունը ավիահարվածներ է հասցրել խմբավորման դիրքերին Անբար նահանգի արեւմտյան անապատում եւ Քիրքուկի մոտ գտնվող Խամրին լեռներում՝ ոչնչացնելով 27 գրոհայինի։
Վերջին տարիներին խմբավորման գրոհայինները հարվածներ էին հասցնում իրաքյան բանակի դիրքերին Քիրքուկում։ 2022թ. նոյեմբերին ԻՊ գրոհայիններն սպանեցին չորս իրաքցի զինվորի Դիբիսում՝ խլելով նրանց զենքն ու կապի միջոցները։