Բաժիններ՝

Գարեգին Բ-ն Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնի կապակցությամբ պատարագին

Հունիսի 11-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը։

Բերկրառատ օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Պատարագի սրբազան արարողությանը մասնակցել է Սուրբ Գայանե վանքում, տեղեկացնում է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջը:

Պատարագի սրբազան արարողությանը ներկա են եղել Մայր Աթոռ ժամանած թեմակալ առաջնորդներ, Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբանական համագումարի մասնակիցներ և բազում ուխտավոր հայորդիներ։

Պատարագիչն էր Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ.Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:
Տոնի խորհուրդի շուրջ քարոզ է խոսել Կ.Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը։ Պատրիարք Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, մասնավորապես նշել է․ «Ինչո՞վ է կարևոր Էջմիածինը մեզ համար։ Սուրբ Էջմիածինը մեզ համար միայն տաճար չէ, այլ գաղափար է, մեր ազգը միավորող ամենազորեղ իրողություններից մեկն է, ուխտ և տեսիլք է մեզ համար։ Այս տարածքը՝ Վաղարշապատը, մեզ համար դարձավ Սուրբ էջմիածին Աստծո կամքով ու ողորմությամբ։ Աստված մեզ տվեց հայկական Ավագ Շաբաթը, որը սկսում է Հռիփսիմյանց կույսերի նահատակությամբ և հասնում մինչև շաբաթ` Սուրբ Գրիգոր Լուսավորչի «ելն ի վիրապէն» տոնը, հայոց պետականության քրիստոնեացման իրադարձությունից մինչև Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքը։ Ուրեմն, այս Ավագ շաբաթն է, որ մեր ազգի պատմության մեջ անմոռանալի հետքեր է թողել։ Աստված մարմնացրեց իր գաղափարը Սուրբ Էջնիածնի տաճարի մեջ և այս խորհուրդը մեր նախնիները փոխանցել են նոր սերունդներին ու դրա շնորհիվ է, որ մենք մեկ ազգ ենք»։

Պատրիարք Սրբազանը հորդորել է հավատացյալներին մշտապես վառ պահել հայոց սրբությունները իրենց հիշողության մեջ, ապրել ու զորանալ Սուրբ Էջմիածնի խորհրդով։

Սուրբ Պատարագի ավարտին, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, կատարվել է Հայրապետական մաղթանք: Ներկա հավատացյալ ժողովուրդը և եկեղեցականաց դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի շենացման, անսասանության և իր սրբազան առաքելության հարատևության համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս