Բաքվի դեմարշը Վաշինգտոնին և Երևանին. Ինչո՞ւ Բայրամովն անորոշ ժամանակով հետաձգեց վաշինգտոնյան բանակցությունների հերթական ռաունդը

Բաքուն խնդրել է հետաձգել հունիսի 12-ին հայկական կողմի կողմից հայտարարված վաշինգտոնյան բանակցությունների հերթական փուլը:

ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող արտգործնախարարների քննարկումների հերթական փուլը հետաձգվում է և որքան ժամանակով՝ անհայտ է։

ՀՀ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։

Ադրբեջանական մամուլը և արտաքին քաղաքական գերատեսչությունն այս մասով քիչ տեղեկություն են հայտնում:

Օրինակ՝ ադրբեջանական «Թուրան» գործակալությունը հայտնել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների հաջորդ փուլի նախապատրաստական ​​աշխատանքները դեռևս շարունակվում են, թեև որոշակի դժվարությամբ: Հրապարակման համաձայն, մեծ հավանականություն կա, որ ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արարատ Միրզոյանի առաջիկա հանդիպումը կարող է չկայանալ հունիսի 12-ին կամ նույնիսկ ոչ հաջորդ շաբաթ, ինչպես ի սկզբանե ենթադրվում էր։ «Խոսքը զուտ ժամանակացույցի և լոգիստիկայի ապահովման մասին է»,- հավելել է այդ լրատվամիջոցի աղբյուրը՝ նշելով. «Հավանաբար հանդիպումը հետաձգվել է, բայց, իհարկե, ոչ չեղարկվել»:

Հարկ է նշել, որ այս ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղաադրբեջանական շփման գծում ադրբեջանական ռազմական սադրանքների ու ապատեղեկատվության ֆոնին:

Հունիսի 6-ին էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ Մշտական խորհրդի արտահերթ նիստում հայտարարել էր, որ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում բանակցություններ են ընթանում երկկողմ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ։

Նա նշել էր, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները հնարավորություն են տվել ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները: Սակայն նա նաև ասել էր, որ Ադրբեջանը հայկական կողմից ակնկալում է փոխադարձ քաղաքական կամք՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են երկկողմ քննարկումների օրակարգը։ Ադրբեջանի ԱԳ նախարարը թվարկել էր հետևյալ մեղադրանքները Հայաստանի հասցեին՝ «Հայաստանի շարունակական անօրինական ռազմական ներկայությունն Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում, հետևողական միջամտությունը ներքին գործերին, Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղի տարածաշրջանում հայկական ծագումով տեղի բնակիչների միջև երկխոսության խոչընդոտումը, ինչպես նաև զրպարտչական արշավի իրականացումը միջազգային մասշտաբով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում»:

Ի դեպ, այս ելույթին արձագանքել էր կազմակերպությունում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

Նա մասնավորապես նշել էր, որ ԱՄՆ-ը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին, քրտնաջան աշխատանքը՝ հասնելու տևական և կայուն խաղաղության համաձայնագրի, հարաբերությունների կարգավորման, սահմանագծման և սահմանազատման, տրանսպորտային և հաղորդակցության կապերի բացման, Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար մեծ օգուտներ կբերի Ադրբեջանին, Հայաստանին և ավելի լայն տարածաշրջանին։ Ըստ նրա, ԱՄՆ-ը կոչ է անում կողմերին զերծ մնալ սադրիչ, սպառնալից կամ թշնամական գործողություններից կամ հռետորաբանությունից։

Դեսպան Քարփենթերը կոչ էր արել Ադրբեջանին նաև քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղ գազի և էլեկտրաէներգիայի մշտական մատակարարումն ապահովելու, ինչպես նաև ապրանքների և մարդկանց ազատ հոսքն ու տեղաշարժն ապահովելու համար, այդ թվում՝ Լաչինի միջանցքով։ «Այս առիթով կոչ եմ անում Ադրբեջանին հավատարիմ լինել Արդարադատության Միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման տառին ու ոգուն»,- ասել էր Քարփենթերը։

Բացի այդ, զուգահեռաբար հրապարակվեց ԵԱՀԿ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այցի կապակցությամբ, որում ասված էր.

«…Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ մշակել դրական օրակարգ, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Ներկայիս իրավիճակը մտահոգիչ է և բացասական հումանիտար ազդեցություն է թողնում, քանի որ էթնիկ հայ բնակչությունը բազմիցս բախվել է հիմնարար՝ էներգետիկ և կապի ծառայությունների խափանումներին։ Հրադադարի հաճախակի խախտումները ևս լուրջ մտահոգություն են առաջացնում նրանց բարեկեցության վերաբերյալ: Եթե դա դեռ այդպես է, մենք կոչ ենք անում Բաքվին՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել էթնիկ հայ բնակչության սահմանափակումները վերացնելու համար՝ ապահովելով էներգիայի կայուն մատակարարում և թույլ տալով, որ պահպանվի էլեկտրացանցը»:

Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ներում հատկապես Քարփենթերի ելույթը և Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը քննադատությունների մեծ ալիք է բարձրացրել: Ավելին, ըստ շրջանառվող տեղեկությունների, Ադրբեջանը Վաշինգտոնից ու Բրյուսելից պարզաբանումներ է ակնկալում այս դիրքորոշումների առնչությամբ, որից հետո միայն կդիտարկի եվրոպական և վաշինգտոնյան հարթակներում բանակցությունների շարունակելու հեռանկարը: Ադրբեջանում Բլինքենին խորհուրդ են տալիս շնորհակալություն հայտնել դեսպան Քարփենթերին վաշինգտոնյան բանակցությունները խափանելու համար:

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ չի բացառվում, որ բանակցությունների խափանման պատճառը հենց այդ ելույթն է:

Ըստ նրա, Ադրբեջանն իրեն վստահ է զգում բանակցային բոլոր հարթակներում, խոսքը թե ռուսականի, թե արևմտյանի մասին է:

«Ադրբեջանը նաև կարողացել է այս ընթացքում կարևոր հանգրվանի հասնել Հայաստանի կողմից իր տարածքային ամբողջականության ճանաչման տեսքով: Բնականաբար, բանակցությունների շարունակականության համար, չնայած այն հանգամանքին, որ Երևանը հրաժարվում է իրականում լրջորեն զբաղվել ԼՂ հարցով, Արևմուտքը փորձում է ինչ-որ բան անել ԼՂ-ում ապրող բնակչության հումանիտար խնդիրները բացառելու համար:

Բնականաբար, այս հանգրվանն էլ չի գոհացնում Ադրբեջանին, և Ադրբեջանը կարող է հեշտությամբ մերժել Արևմուտքին, գործընթացը տեղափոխելով Ռուսաստան, որտեղ ևս սպասում են կողմերի որոշմանը՝ շարունակել բանակցությունները Մոսկվայում: Աշխարհաքաղաքական մրցակցությունը Հարավային Կովկասի նման հակամարտություններով լի տարածաշրջանում նպաստում է նման իրավիճակների առաջացմանը:

Բնականաբար, ադրբեջանական կողմը չի խոստովանելու, թե ինչու է հրաժարվում բանակցություններից, բայց Ադրբեջանը ստացել է քայլ Հայաստանից և հետաձգում է ժամանակավորապես այս հարթակում բանակցությունները: Զուգահեռաբար նաև սովոր է հարցերը լուծել ուժով, որևէ արտաքին ուժ այսօր չունի ազդեցություն տեղում, շատ բարդ իրավիճակ է ռեգիոնում: Ուստի մի շարք պատճառներից ելնելով՝ կարող է Արևմուտքում գործընթացը լիովին տապալվել, դա հնարավորություն է տալիս Մոսկվային գրավել կողմերին, ինչ-որ բաներ առաջարկել, սա դիվանագիտական սակարկում է»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս