Ինձ հայտնի են դարձել փաստեր, որոնք կասկածի տակ են դնում դատավորի անաչառությունը. Սերժ Սարգսյանի փաստաբանը՝ դատավոր Բադալյանի ազգակցական կապերի մասին

«Ես այն համոզմունքի կրողն էի, որ հարգելի նախագահող դատավորը պետք է ինքն ինքնաբացարկ ներկայացներ և ոչ թե սկսեր գործի քննությանն անցնել։ Քանի որ նման որոշում չկայացրեց դատավորը, ես եմ ներկայացնում ինքնաբացարկի միջնորդությունը»,- ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի, Սաթենիկ Սարգսյանի, Անուշ Մինասյանի, երրորդ անձ «Արարատբանկ» ԲԲ ընկերության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին գործով դատական նիստի ժամանակ դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը։

Փաստաբանը հրապարակեց փաստեր, որոնց հիման վրա էլ դատավորին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում:

«Ինձ հայտնի են դարձել փաստեր, որոնք ուղղակի կասկածի տակ են դնում այս գործով դատավոր Կարապետ Բադալյանի անաչառությունը,- նշեց Ամրամ Մակինյանը՝ պարզաբանմամբ,- Դուք Լուսինե Խառատյանի ամուսինն եք, ում մայրը Հրանուշ Խառատյանն է, եղբայրը՝ Արսեն Խառատյանը։

Բաց աղբյուրներից մեզ հայտնի տեղեկությունների համաձայն՝ դատավոր Կարապետ Բադալյանը դատավորի պաշտոնին հավակնել է 2018-ի հայտնի իրադարձություններից հետո։ Անաչառ դիտորդի մոտ հարց կառաջանա՝ ի՞նչ կապ ունի, թե դատավորը երբ է որոշել հավակնել այդ պաշտոնին, և ի՞նչ կապ ունի Կարապետ Բադալյանի անաչառության հարցը նրա՝ դատավոր դառնալու մտադրության ծագման հետ։

Նախագահող դատավորի կնոջ՝ Լուսինե Խառատյանի մայրը Հրանուշ Խառատյանն է, իսկ կնոջ եղբայրը՝ Արսեն Խառատյանը։ Անաչառ դիտորդին պետք է իրազեկել, որ Արսեն Խառատյանը 2008-ին մեկնել է ՀՀ-ից՝ սկզբում բնակվել ԱՄՆ-ում, հետո՝ Վրաստանում՝ մինչև 2018թ. մայիս՝ մինչև Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալը։

Նույն բաց աղբյուրներն Արսեն Խառատյանի ՀՀ-ից մեկնելը կապել են 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների հետ՝ իշխանության դեմ ուղղված քաղաքացիական պայքարի ակտիվիստ լինելու հետ։ Արսեն Խառատյանն իր՝ ՀՀ-ից մեկնելը պայմանավորել էր ՀՀ այդ ժամանակ գործող իշխանություններով, և որպես Արսեն Խառատյանի քրոջ ամուսին՝ դատավոր Կարապետ Բադալյանը չէր կարող չիմանալ Արսեն Խառատյանի՝ նման ընկալումների մասին, և չէր կարող բացասաբար տրամադրված չլինել այդ ժամանակվա ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ ՀՀ նախագահ ընտրված, սույն գործով պատասխանող Սերժ Սարգսյանի նկատմամբ։

Բացի այդ՝ բաց աղբյուրներից հասանելի տեղեկությունների համաձայն՝ Արսեն Խառատյանն ակտիվ մասնակցել է Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպված՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելուն ուղղված գործողությունների համակարգմանը։ Հիշյալ իրադարձություններից հետո Վրաստանից եկել է ՀՀ, որից հետո նշանակվել է Նիկոլ Փաշինյանի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական։

Այսինքն՝ հիշյալն ապացուցում է, որ դատավոր Կարապետ Բադալյանի կնոջ հարազատ եղբայր Արսեն Խառատյանը շատ մտերիմ հարաբերություններ ունի Նիկոլ Փաշինյանի հետ, որն ընդգծված բացասական վերաբերմունք ունի սույն գործով պատասխանող ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ»։

Մեղադրող դատախազն իր դիրքորոշումը փորձեց հիմնավորել՝ հղումներ անելով միջազգային պրակտիկային, նկատելով, որ դատական գործի քննությունը նոր է սկսվում, ուստի իր համար ակնհայտ չէ կանխակալ վերաբերմունք դատավորի կողմից։

Ըստ նրա՝ միջնորդությունը ենթակա է մերժման։

Նախագահող դատավորը որոշումը կհայտնի 17։00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս