Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, այլ ոչ թե Իրանից. Իրանի ԱԳՆ խոսնակ
«Ադրբեջանցիները պետք է վախենան Իսրայելից, այլ ոչ թե Իրանից», – այսօր Twitter-ում գրել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության օրերս հրապարակված հայտարարությունը, որով գերատեսչությունը կոչ էր անում Ադրբեջանի քաղաքացիներին զերծ մնալ Իրան այցելություններից։
«Սա այն նույն քաղաքականությունն է, որ որդեգրել էր կեղծ, մանկասպան և զավթիչ իսրայելական վարչակազմի ղեկավարը Բաքու կատարած իր վերջին այցի ընթացքում», – գրել է Քանանին՝ հավելելով. – «Ադրբեջանցի ժողովուրդը ոչ թե քաղաքակիրթ, իսլամական Իրանից պետք է վախենա, այլ սիոնիստական վարչակազմից»։
«Փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարիդրացիական հարաբերությունները Ադրբեջանի հետ շարունակում են մնալ մեր առաջնահերթությունը», – հայտարարել է Քանանին՝ ընդգծելով, որ «ազատ վիզային ռեժիմը ադրբեջանցի եղբայրների և քույրերի համար շարունակում է ուժի մեջ մնալ»։