Մենք ԼՂ ժողովրդից մանդատ չենք ստացել՝ իրենց ապագան բանակցելու համար. Արարատ Միրզոյան

ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է բյուջեի կատարողականի շուրջ քննարկումը:  Արտաքին գործերի ոլորտում նախորդ տարվա ընթացքում կատարված աշխատանքները ներկայացնելուց հետո նախարար Արարատ Միրզոյանին պատգամավորները հարցեր ուղղեցին։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ԱԳ նախարարին մի քանի հարց ուղղեց, դրանցից առաջինը վերաբերում էր, թե արտաքին քաղաքականության ճակատում 2022 թվականին ինչ ձեռքբերումներ են ունեցել, եթե, իհարկե, ունեցել են։ Հաջորդ հարցերը վերաբերում էին Արցախին, Հայաստանի  և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

«Կառավարության ղեկավարը բազմիցս հայտարարել է, որ իրեն Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել, և ինքը չի կարող Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել։  Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդը և քաղաքական բոլոր ուժերը հայտարարում են, որ այն, ինչը դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում, համաձայն չեն որևէ կարգավիճակով վերադառնալ Ադրբեջանի կազմ։  Դուք Արցախի ժողովրդից, Արցախի իշխանություններից լիազորվե՞լ եք նրանց ապագա կարգավիճակի վերաբերյալ բանակցել»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասաց, որ մարտի 24-ին շատ ավելի մանրամասն անդրադաձել է 2022 թվականի հաշվետու տարվան՝ արտաքին քաղաքական գործընթացներին, հնարավոր մանրամասներին, հետևաբար՝ այսօր ցանկացել է խուսափել կրկնությունից։

Կարդացեք նաև

«Ինչ վերաբերում է Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշմանը, իսկապես, ինչպես Դուք ասացիք, ինչպես վարչապետն է բազմիցս ասել՝ մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագան բանակցելու և, ըստ այդմ, ինչպես Դուք ասացիք՝ մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք նման հավակնություն էլ չենք ներկայացնում ու չենք էլ փորձում։

Միակ բանը, որը մենք փորձում ենք ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում՝ հետևյալն է, և սա էլ մենք բազմիցս հրապարակավ ասել ենք, որ համարում ենք, որ այդ կարգավորումն իրատեսական չի կարող լինել, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ Լղ ժողովուրդը և պաշտոնական Բաքուն կարող էին երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են ԼՂ ժողովրդի ու նրանց ապագայի համար»,- ի պատասխան պատգամավորի բարձրացրած հարցի՝ ասաց Արարատ Միրզոյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս