Պարենի համաշխարհային գները մայիսին նվազել են. ՄԱԿ
Պարենի համաշխարհային գները մայիսին նվազել են հացահատիկի, բուսական յուղերի և կաթնամթերքի գնանշումների զգալի անկման պատճառով: Միևնույն ժամանակ, աճել է բրնձի, շաքարի և մսի գինը: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) տարածած հաղորդագրության մեջ։
ՊԳԿ-ի պարենի գների ինդեքսը, որն արտացոլում է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխությունները, մայիսին կազմել է 124,3 կետ, ինչը 2,6%-ով ավելի ցածր է, քան ապրիլին, և 22,1%-ով ավելի ցածր է պատմական առավելագույն ցուցանիշից, որն արձանագրվել է 2022 թվականի մարտին:
Նշվում է, որ ՊԳԿ-ի հացահատիկի գների ինդեքսը 4,8%-ով նվազել է նախորդ ամսվա համեմատությամբ՝ պայմանավորված եգիպտացորենի գների անկմամբ։ Իսկ ցորենի համաշխարհային գները նվազել են 3,5%-ով, ինչը պայմանավորված է, այդ թվում՝ «սևծովյան հացահատիկային նախաձեռնության» երկարաձգմամբ։ Միևնույն ժամանակ, մայիսին աճել են բրնձի գները՝ կապված արտահանող որոշ երկրներում, մասնավորապես՝ Վիետնամում և Պակիստանում մատակարարումների նվազման հետ:
ՊԳԿ-ի բուսական յուղի գների ինդեքսը մայիսին իջել է 8,7%-ով, ինչը միջին հաշվով 48,2%-ով ցածր է 2022 թ.-ի մակարդակից։
Կաթնամթերքի գներն ապրիլի համեմատությամբ մայիսին նվազել են 3,2%-ով:
Դրա հետ մեկտեղ, շաքարի գների ինդեքսն աճ է ցույց տալիս չորրորդ ամիսն անընդմեջ՝ ապրիլի համեմատությամբ ավելանալով 5,5%-ով և հասնելով գրեթե 31%-ով ավելի բարձր մակարդակի, քան նախորդ տարի։
Մայիսին մսի գները նույնպես աճել են`1%-ով։