
Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը

Մոսկվայում ընթանում է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի աշխատանքային խմբի հանդիպումը՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամուլի քարտուղար Անդրեյ Մատվեևը։
«Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկի համանախագահությամբ», – ասել է Մատվեևը։
Ավելի վաղ Օվերչուկը լրագրողներին ասել էր, որ հանդիպմանը քննարկվելիք հարցերը «վերաբերում են Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի հատման կարգի հետ կապված տեխնիկական մանրամասներին»։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ստորագրել Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ 2021 թվականի հունվարի 11-ին նրանք պայմանավորվել են երեք երկրների փոխվարչապետների մակարդակով ստեղծել աշխատանքային խումբ, որը կենտրոնանալու է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի հաստատման վրա։