Գեղարքունիքում կիրականացվի էներգոարդյունավետության բարձրացմանը և վերականգնվող էներգետիկայի ավելացմանն ուղղված ծրագիր

Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված քննարկման ընթացքում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, անդրադարձ եղավ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից նախատեսված նոր ինտերգրված ծրագրի բովանդակությանը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպում-քննարկմանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Սասուն Սահակյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության ներկայացուցիչներ՝ EU4Sevan ծրագրի թիմի ղեկավար Քրիստիան Հենշելը, նույն ծրագրի թիմի անդամներ, միջազգային փորձագետներ։

Հյուրերն իրազեկեցին, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը ներկայումս պլանավորում է նոր ինտեգրված ծրագիր, որ ֆինանսավորում է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից և վերաբերում է լավ կառավարման, մասնավոր հատվածի զարգացման և միջին մասնագիտական կրթության, ինչպես նաև էներգիայի և կլիմայի ոլորտներին։ Էներգիայի և կլիմայի ոլորտներում գործողությունները նպատակաուղղված են լինելու քաղաքային ծռայություններում էներգոարդյունավետությունը բարձրացնելուն և վերականգնվող էներգիայի մասնաբաժինն ավելացնելուն։ Թիրախավորվելու են մասնավորապես ջրի հետ առնչվող ծառայությունները, բայց նաև քաղաքային շենք-շինությունները և մասնավոր տնտեսությունները։ Ծրագրի նպատակն է՝ այս կերպ ուժեղացնել համայնքների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ դիմակայունությունը և ռեսուրսների արդյունավետությունը՝ կրճատելով ջերմոցների գազերի արտանետումները, ինչի արդյունքում համայնքների կախվածությունը հանածո վառելիքից և էներգիայի ներմուծումից կնվազի։ 2023 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում գնահատման հանձնախմբի այցի շրջանակներում ուսումնասիրվելու են քաղաքական գործընկերների հետաքրքրությունները, ներուժը, համայնքներում տիրող իրավիճակը և առկա կարիքները։ Ծրագիրն իրականացվելու է Եվրոպական Միության համաֆինանսավորմամբ՝ 2024 թվականի ապրիլից մինչև 2027 թվականի մարտ ամիսը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունների աշխատակիցները տեղեկատվություն ներկայացրին մարզում էներգոխնայողության և վերականգնվող էներգետիկայի, խմելու և ոռոգման ջրամատակարարման ընդհանուր վիճակի, այդ ոլորտներում իրականացված և կամ ընթացքի մեջ գտնվող ծրագրերի, գնահատված կարիքների մասին, պատասխանեցին հյուրերին հուզող հարցերին։ Քննարկման ավարտին մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը հավաստիացրեց, որ Գեղարքունիքի մարզպետարանը պատարստակամ է իր լիազորությունների շրջանակներում ծրագրի իրականացմանը պահանջվող աջակցություն ցուցաբերելու համար։

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս