
Շվեյցարիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Ուկրաինային շվեյցարական զենքեր փոխանցելու առաջարկին

Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը 98 կողմ, 75 դեմ ձայնով մերժել է առաջարկը, որը թույլ կտար Շվեյցարիայում արտադրված զենքեր վաճառել Ուկրաինային: Այս մասին հաղորդում է France 24-ը:
Քվեարկությունը հաջորդել է Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում Շվեյցարիայի նախագահ Ալեն Բերսեի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի միջև կայացած հանդիպմանը:
Ժան-Լյուկ Ադորը, որը Ստորին պալատում ներկայացնում է երկրում ամենամեծ կուսակցությունը՝ աջ պոպուլիստական Շվեյցարիայի ժողովրդական կուսակցությունը, շեշտել է, որ առաջարկն ուղղակիորեն խախտում է երկրի չեզոքությունը։
Շվեյցարիայի երկարամյա դիրքորոշումը եղել է լավ զինված ռազմական չեզոքություըն. 8,8 միլիոն բնակչություն ունեցող երկրում տղամարդկանց համար պարտադիր զինվորական ծառայություն է սահմանված:
Շվեյցարիայի չեզոքության հարցը քննարկվում է 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինայում պատերազմ ծավալելուց ի վեր: Չնայած երկիրը Եվրոպական Միության անդամ չէ, սակայն միացել է Մոսկվայի դեմ ԵՄ պատժամիջոցներին:
Միևնույն ժամանակ Բեռնն անդրդվելի է մնում Կիևին զենքի մատակարարման հարցում. չնայած Կիևի և դրա դաշնակիցների կողմից ճնշմանը, Շվեյցարիան հրաժարվել է թույլատրել շվեյցարական արտադրության զենքերի վերաարտահանումն Ուկրաինա:
Շվեյցարիան զենքի խոշոր արտահանող է, բայց դրանք բոլորն էլ վաճառվում են արտասահման՝ ստանդարտ պայմանով, որ վերաարտահանումը պետք է հաստատվի Շվեյցարիայի իշխանությունների կողմից: Համաձայն «Ռազմական տեխնիկայի մասին» օրենքի՝ Շվեյցարիայի կառավարությունը չի թույլատրում վերաարտահանում, եթե զենքը ստացող երկիրը ներգրավված է միջազգային զինված հակամարտությունում: