
Պետք է ամեն ինչ անենք, որ մեր մանուկները խաղաղ երկնքի տակ մեծանան. Արթուր Ալեքսանյան

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ մասնակցել է «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպած ցերեկույթին։
Լրագրողների հետ զրույցում Արթուր Ալեքսանյանն ընդգծեց, որ փոքրիկների կողքին պետք է լինել և նրանց աջակցել ոչ միայն Հունիսի 1-ին, այլ անընդհատ։
«Կարևորում եմ, որ մենք՝ մեծերս, լինենք փոքրիկների կողքին: Ու կարևոր է ոչ միայն նրանց կողքին լինելը, այլ նաև աջակցելը, նրանց նպատակների, խնդիրների, երազանքների մասին լսելը: Պարտավոր ենք լսել երեխաներին, ինչու ոչ` նաև հաշվի նստել նրանց հետ: Պետք է ամեն ինչ անենք, որ մեր մանուկները խաղաղ երկնքի տակ մեծանան»,- ասաց Արթուր Ալեքսանյանը:
Օլիմպիական չեմպիոնն ընդգծեց, որ ինքն էլ մանուկ հասակում շատ երազանքներ ուներ, որոնք կապված էին սպորտի հետ, որոնք բոլորն իրագործել է: