Այսօր կարևոր է հանդիպում սպասվում․ Շառլ Միշելը՝ Փաշինյան-Ալիև հնգակողմ բանակցությունների մասին

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ժամանելով Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող «Միմի» ամրոցի բակ, որտեղ մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովը, անդրադարձավ այսօր ժամեր անց նախատեսվող Փաշինյան-Ալիև-Միշել-Շոլց-Մակրոն բանակցություններին։ Սակայն մինչ այդ նա նշեց, որ այսօր Քիշնևում ներկայացված են 45 երկրներ, որոնք ունեն համընդհանուր քաղաքական կամք՝ կոորդինացնելու իրենց հարաբերությունները, համագործակցելու տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության՝ պաշտպանելով համատեղ շահերը։

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև-Միշել-Շոլց-Մակրոն հանդիպմանը՝ Միշելն ասաց, որ այսօր կարևոր հանդիպում է տեղի ունենալու։ «Ես առիթ եմ ունեցել երկու ղեկավարներին հանդիպելու Բրյուսելում մի քանի շաբաթ առաջ։ Մենք առաջընթաց ենք արձանագրել, և ես հույս ունեմ, որ կրկին առիթ կլինի վերահաստատել երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- եզրափակեց Միշելը։

Հիշեցնենք նաև, որ ԵԽ նախագահ Շառլ Միշելն այս բանակցություններին ընդառաջ մի քանի թվիթերյան գրառմամբ հանդես եկավ, որոնցից մեկը վերաբերում էր Բաքու-Ստեփանակերտ երկխոսությանը։ «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտություն, վերքերը բուժելը ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել էր Միշելը։ Մեկ այլ գրառմամբ նա նաև նշել էր, որ կարևոր է հաստատել միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը և առաջ շարժվել սահմանների սահմանազատման գործում, ինչպես նաև սահմանամերձ շրջաններում ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս