ՀՀ-ում ավանդների ու վարկերի ծավալը շարունակ աճել է՝ ապրիլին հասնելով ամենաբարձր մակարդակին
2023թ.-ի ապրիլին ՀՀ ընդհանուր ավանդային պորտֆելը կազմել է 5 տրլն 134 մլրդ 447 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով 2022թ.-ի դեկտեմբերին արձանագրված պատմական ամենաբարձր ցուցանիշը՝ 5 տրլն 122 մլրդ 579 մլն, իսկ 2018թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 2 անգամ:
Ընթացիկ տարվա ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ առևտրային բանկերի ներգրավված ավանդներն աճել են 31.21%-ով։
2023թ.-ի ապրիլին մարտի համեմատ առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալն աճել է 0.84%-ով, սակայն ռեզիդենտներից ՀՀ դրամով ներգրավված ավանդները նվազել են 0.16%-ով։ Ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը վերջին 6 տարիների ապրիլ ամիսներին դինամիկ աճ է արձանագրել՝ 2023թ.-ին հասնելով առավելագույն արդյունքին՝ 3 տրլն 821 մլրդ 478 մլն ՀՀ դրամ։
Բանկերի (բայց ոչ վարկային կազմակերպությունների) ընդհանուր վարկային պորտֆելը 2023թ.-ի ապրիլին նոր պատմական ռեկորդ է սահմանել՝ 4 տրլն 409 մլրդ 409 մլն ՀՀ դրամ՝ գերազանցելով նախորդ՝ 2023թ.-ի մարտ ամսվա պատմական ամենաբարձր, ռեկորդային ցուցանիշը 0.47%-ով։
2023թ.-ի ապրիլին վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերի ծավալը 2018-2022թթ․-ի նույն ամսվա համեմատ գրանցել է անկում։ Աճ արձանագրվել է միայն նախորդ ամսվա՝ մարտի, համեմատ 1.42%։
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա ապրիլի համեմատ վարկային կազմակերպություններից ռեզիդենտների ներգրավված վարկերի ծավալն աճել է 1.73%-ով, մինչդեռ ոչ ռեզիդենտների կողմից ներգրավված վարկերի ծավալը՝ նվազել 5.75%-ով: