
ԵՄ-ն որոշել է գրեթե 300 միլիոն եվրո հատկացնել Մոլդովային՝ կրկնապատկելով նախնական օգնության ծավալը

Եվրամիությունը որոշել է կրկնապատկել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը և հաստատել է այդ երկրին գրեթե 300 մլն եվրոյի տրամադրումը։ Այդ մասին ասված է ԵՄ խորհրդի տարածած հայտարարության մեջ:
«Խորհուրդն այսօր որոշում ընդունեց գրեթե կրկնակի ավելացնել Մոլդովայի մակրոֆինանսական օգնության ծավալը, որը համաձայնել էր տրամադրել մեկ տարի առաջ: 2022 թվականի ապրիլին Խորհուրդն ընդունեց օրենք, որը ԵՄ-ին թույլ է տալիս 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային։ Խորհուրդն այսօր այդ գումարը ավելացրեց 145 միլիոն եվրոյով, ինչը նշանակում է, որ Մոլդովային հասանելի կլինի ընդհանուր չափով 295 միլիոն եվրո», – նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, ԵՄ-ի մակրոֆինանսական օգնությունը «նպատակուղղված է աջակցելու Մոլդովայում տնտեսական կայունացմանը և կառուցվածքային բարեփոխումների ծրագրին՝ լրացնելով Արժույթի միջազգային հիմնադրամի ֆինանսական համաձայնագրի շրջանակներում տրամադրվող միջոցները»:
Ըստ հայտարարության՝ 295 եվրոյից 220 միլիոնը կտրամադրվի վարկերի տեսքով, իսկ մինչև 75 միլիոնը՝ դրամաշնորհների տեսքով:
Եվրոպական Միության խորհուրդը նշում է, որ Ուկրաինայում պատերազմը զգալի բացասական հետևանքներ է ունեցել Մոլդովայի տնտեսության համար: