«Սա սարսափելի հայտարարություն է. իրենց սեփական արժեհամակարգի ոտնահարում». Դավիթ Բաբայանը՝ ԱՄՆ Պետդեպի հայտարարության մասին
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանի բնորոշմամբ՝ ԱՄՆ Պետդեպի արձագանքը՝ ի պատասխան արցախցիների «համաներման» վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարության, օրինականացնում է Ալիևի գործողությունները։
«Սա սարսափելի, շատ վատ հայտարարություն է։ Ցավալին այն է, որ նման հայտարարություն անելով՝ ոտնահարում են մեր պետականաշինության հիմքերը։ Այսինքն՝ մենք, որ տասնամյակներ շարունակ պայքարում ենք ժողովրդավարության և մարդու իրավունքների համար, Ադրբեջանի կողմից հայտարարվել ենք «հանցագործներ», փաստորեն, Միացյալ Նահանգներն էլ նույնը ճանաչում է և ողջունում է, որ այդ «հանցագործներին» համաներում են շնորհելու։ Սա ողջ ժողովրդի գնահատական է, ինչ-որ տեղ՝ մեր սփյուռքի նկատմամբ իրենց վերաբերմունքն է, սա իրենց իսկ սեփական արժեհամակարգի ոտնահարում է։ Այսքան տարիներ պայքարել ենք, այսքան ցեղասպանություններով, կոտորածներով, երեք պատերազմներով անցել ենք, բայց ձայն չկա, սակայն Ադրբեջանի կողմից Արցախի մեծ մասն օկուպացնելը, 6 ամիս Ադրբեջանի կողմից Արցախը պաշարելն իրենց համար նորմա՞լ է, հիմա մեր ողջ ժողովուրդը հանցագո՞րծ է, ժողովուրդ, որը պայքարել է ժողովրդավարության համար և ավելին է արել, քան այս պահին ԱՄՆ վերնախավում գտնվող բազմաթիվ մարդիկ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Բաբայանը։
Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ Պետդեպի այս հայտարարությունը նաև մեծ հարված է սփյուռքին, սակայն հայ ժողովուրդը չպետք է բարոյալքվի: Հակառակը, կարճ ժամանակում պետք է վերականգնվի հայկական սփյուռքի հետ համագործակցության նախկին մակարդակը:
«Մեր սփյուռքն ահռելի աշխատանք ու գործընթաց է իրականացրել, օրինակելի, ժողովրդավարության համար։ Բայց ժողովրդավարության դարաշրջանն անցել է, մենք մտել ենք մերկ աշխարհաքաղաքականության դարաշրջան, և հիմա բերեք համեմատենք՝ հայկական սփյո՞ւռքն է ավելին արել ԱՄՆ-ում, թե՞ Ադրբեջանը. իրենց հարց եմ տալիս։ Փաստորեն կարող են նման վերաբերմունք ցուցաբերել հայ ժողովրդի նկատմամբ և օրինականացնել բռնապետի գործողությունները։ ԱՄՆ որևէ նախագահ կարո՞ղ է մեկ խոսք ասել Իսրայելի մասին, որովհետև Իսրայելի սփյուռքն այլ մարտավարություն է որդեգրում։ Մենք միշտ արժեքների վրա ենք հիմնվել, ինչ-որ տեղ խնդրել ենք, հիմնվել ենք արդարության սկզբունքի վրա, հետևաբար՝ եթե մենք հիմա չփոխվենք, վերանալու է նաև սփյուռքը։ Այդ մարդկանց համար արժեհամակարգ գոյություն չունի, տեսեք՝ Ուկրաինայի համար ինչ են անում, նացիստներին պաշտպանում են, իսկ մարդկանց, որոնք պայքարում են ժողովրդավարության համար, կարող են մատաղացու դարձնել, սա սարսափելի բան է»,- հավելեց Դավիթ Բաբայանը։
Ըստ նրա, փաստորեն Ալիևը շատ «հմուտ» ձևով լեգիտիմացրեց իր քայլերը, իսկ Պետդեպն էլ ողջունում է։ Ստացվում է, որ Ալիևը ցույց տվեց, որ «ճիշտ աշխատելն ու սկզբունքայնությունը» թույլ են տալիս հասնելու ամեն ինչի։
«Պետք է փոխել ամեն ինչ, սփյուռք ունենք, բայց պետք է ցանկություն լինի նաև պետության կողմից՝ միասին ռազմավարություն ու մարտավարություն մշակել, սփյուռքն անպայման պետք է փոխի իր մարտավարությունը։
Անկախ ամեն ինչից, մենք ինչ-որ տեղ Աստծո ժողովուրդ ենք, պետք է անցնենք այս ճանապարհով, սակայն երբեք ու երբեք չնվաստանանք, ոչինչ, պատասխան են տալու»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերն այսօր հայտարարել էր, որ ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններն արցախցիներին «համաներելու» հնարավոր գործընթաց սկսելու համար։
Այս հայտարարությանն արձագանքել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: