Բաժիններ՝

Հայրը 3-4 տարեկան տղա երեխայի բերանում ծխախոտ է դնում, նկարում ու տակը գրում է՝ տղես. Սուրեն Նազինյան

1987 թվականից ամեն տարի մայիսի 31-ն ամբողջ աշխարհում նշվում է՝ որպես ծխելու դեմ պայքարի համաշխարհային օր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաստատել է այն՝ որպես «Առանց ծխախոտի» օր:

ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանի խոսքով՝ նիկոտինային կախվածությունը համարվում է հոգեկան և վարքային խանգարում:

«Կարելի է ասել, որ նիկոտինային կախվածությունը հիվանդություն է: Հայաստանում Առողջապահության նախարարությունն ունի ծխելը դադարեցնելու թեժ գիծ (060-44-00-01), այսինքն՝ հեռախոսի միջոցով հոգեբան-խորհրդատուն աջակցություն է տրամադրում զանգահարողին, օգնում դադարեցնել ծխելը: Զանգերը բավականին շատ են, օրը 7-8 զանգ է լինում: Արդյունքները, կարելի է ասել, գոհացուցիչ են, քանի որ միայն խորհրդատվության միջոցով ծխելը դադարեցնողների քանակը մոտ 50 տոկոս է: Իսկ նրանց, ովքեր չեն կարողանում դադարեցնել ծխելը, առաջարկվում է այցելել Կախվածությունների բուժման ազգային կենտրոն: Առաջին հերթին, իհարկե, հոգեբանի խորհրդատվություն է տրամադրվում, ու եթե այն բավարար չէ, նշանակվում է դեղորայքային բուժում: Բավարար կամքի և մոտիվացիայի պարագայում ցանկացած մարդ կարող է դադարեցնել ծխելը, հնարավոր է՝ անքնություն, ախորժակի բացակայություն լինի, բայց դրանք օրեր են տևում»,- ասուլիսի ժամանակ ասաց Սուրեն Նազինյանը:

ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային ուռուցքաբանության բաժանմունք ղեկավար, քիմիաթերապևտ Նաիրա Ջանոյանն էլ ընդգծեց, որ տխուր է, երբ դեռահասներն են սկսում ծխել, քանի որ ինչքան երկար է ծխում, բարձրանում է թոքի քաղցկեղի ռիսկը:

Կարդացեք նաև

«Մոտ 80 տոկոս ծխող տղամարդկանց մոտ թոքի քաղցկեղ է առաջանում, իսկ կանանց 50 տոկոսի մոտ: Եթե օրը 1-14 ծխախոտ է ծխում, թոքի քաղցկեղի հավանականության գործակիցն արդեն 7.9 է: Մեկ տուփի դեպքում գործակիցը 25-ի է հասնում: Ծխախոտի ծուխը վնասում է նաև պասիվ ծխողներին. Միշտ ասում եմ՝ լավ, վնասում ես քեզ, բայց ինչո՞ւ ես վնասում ուրիշներին: Ոչ բոլորն են պատշգամբ դուրս գալիս, և տվյալ մարդու ընտանիքի անդամները ևս թունավորվում են: Նյութը նստում է մարդու շնչուղիներում և ոչ միայն՝ թոքի, բերանի խոռոչի քաղցկեղի պատճառ է հանդիսանում, այլև միզապարկի, ենթաստամոքսային գեղձի: 2022թ. ՀՀ-ում արձանագրվել է թոքի քաղցկեղի 883 նոր դեպք, իսկ 2021թ. դեպքերի թիվը եղել է 810-ը: 2022թ. կոկորդի քաղցկեղի 114 դեպք է գրանցվել, 2021թ.՝ 120:

Ինչ վերաբերում է վեյփերին, էլեկտրոնային ծխախոտներին, ապա դրանց մեջ կան նիկոտինային և ոչ նիկոտինային, ինչպես նաև այլ նյութեր, որոնք տաքացման ժամանակ տրոհվում և առաջացնում են թունավոր նյութ՝ ֆորմալդեհիդ, ինչն էլ հանդիսանում է քաղցկեղածին առաջին դասի նյութ և նորից իր վատ գործն անում է»,- մանրամասնեց Նաիրա Ջանոյանը:

168.amի դիտարկմանը՝ գաղտնիք չէ, որ դեռահասների շրջանում ևս ծխախոտը տարածված է, ի՞նչ է արվում` նրանց ծխախոտի վնասների մասին հասանելի դարձնելու համար, կապ կա՞ դպրոցների հետ, ՀՀ առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրենը պատասխանեց. «Առողջ ապրելակերպը ԿԳՄՍ նախարարության լիազորության ներքո է: Գիտեմ, որ «Առողջ ապրելակերպ»-ի դասընթացի ժամանակ երեխաներին համապատասխան գիտելիքներ տրամադրվում են:

Դեռևս անցած տարվանից առողջապահության նախարարությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ արշավներ է իրականացնում, և կարևոր կոմպոնենտներից մեկը ծխելու և մնացած վնասակար սովորությունների վերաբերյալ իրազեկող միջոցառումներն են: Պետք է սկսել նրանից, թե դեռահաս տղան ինչո՞ւ է սկսում ծխել: Սովորաբար դա ինչ-որ մեկին նմանվելու, ինքնահաստատվելու համար է: Այսինքն, պայքարը պետք է լինի թիրախային: Պետք է հորդորեմ ծնողներին, որ ուշադիր լինեն, հատկապես տղա երեխաներին ամեն ձև բացատրեն, որ ծխելը լավ բան չէ: Մի օրինակ բերեմ. Կարող է սոցիալական ցանցում տեսնես, որ հայրը 3-4 տարեկան տղա երեխայի բերանում ծխախոտ է դնում, նկարում ու տակը գրում է՝ տղես»:

Տեսանյութեր

Լրահոս