«Փաշինյանը կարող է որոշել է կոսմոս թռչել՝ ինձ հետաքրքիր չէ. Առնվազն ինձ համար անհասկանալի է, թե ինչ են բանակցում». Մովսես Հակոբյան

Մայիսի 29-ին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև տարածաշրջանային իրողություններին, ինչպես նաև օրերս տեղի ունեցած մոսկովյան հանդիպմանն ու քննարկումներին։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ առնվազն հասկանալի չեն երեկ Ադրբեջանի նախագահի հրապարակային արած մի շարք հայտարարությունները։ Կարծում եմ՝ այստեղ Ադրբեջանը և միջազգային գործընկերներն առնվազն պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Իսկապես մենք մեր գործընկերներից պետք է այդ հարցերի պատասխանները ստանանք»։

Հիշեցնենք, որ Ալիևն օկուպացված Բերձոր քաղաք այցի շրջանակներում ասել էր, որ Արցախի Հանրապետությունը «պետք է ենթարկվի Ադրբեջանի օրենքներին, պետական կառույցները լուծարի, քանի որ այլընտրանք չունի»։

168.am-ը  ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են հավանական ռազմական էսկալացիայի հնարավորություններն Արցախում, քանի որ Ադրբեջանի նախագահն իր հայտարարություններում  չի թաքցնում իր նպատակը։

«Ամբողջ խնդիրն այն է, և սա պետք է փաստել, որ Նիկոլ Փաշինյանը, արդեն 2,5 տարի է՝ այլևս Արցախի համար չի բանակցում։ Իսկ թե Ալիևն ու Փաշինյանն ինչ բանակցությունների մասին են խոսում, ինձ համար առնվազն անհասկանալի է»,- նշեց Մովսես Հակոբյանը։

Կարդացեք նաև

Ճշտող հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցով չի բանակցում, ապա ինչպե՞ս է Արցախը ճանաչում Ադրբեջանի մաս, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Նա բանակցում է, որպեսզի հենց Հայաստանը պահպանի, որի նկատմամբ վտանգն այս պահին շատ մեծ է։

Այստեղ պետք է մի բան հիշեցնեմ։ Ակնայի ազատագրման նախաշեմին երջանկահիշատակ հրամանատար Մոնթեն մի թևավոր խոսք ասաց, որը Արցախի Պաշտպանության բանակի բոլոր զորամասերում ու վայրերում տպված կպցրած է։ Լեգենդար հրամանատարն ասաց. «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք մեր պատմության վերջին էջը», և այդպես լինելու է»։

Մովսես Հակոբյանից նաև հետաքրքրվեցինք՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովից վերջերս հրավեր ստացե՞լ է մասնակցելու աշխատանքներին, քանի որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 22-ի իր ասուլիսում  ասաց, որ կգնա հանձնաժողով, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասել էր, որ, ինչպես Մոսվես Հակոբյանը, այնպես էլ՝ Տիրան Խաչատրյանը պետք է գնան հանձնաժողով։

«Ինձ որևէ մեկը չի դիմել, Նիկոլ Փաշինյանը կարող է որոշել է կոսմոս թռչել՝ ինձ հետաքրքիր չէ»,- կարճ պատասխանեց Մովսես Հակոբյանը։

Տեսանյութեր

Լրահոս