Պատերազմի ընթացքում ապօրինի ձեռք բերված և պահված 45 ինքնաձիգ, 2000-ից ավելի փամփուշտ, այլ ռազմամթերք. դատախազի բողոքի հիման վրա՝ դատավճիռը մասնակի բեկանվել է
Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու հատկանիշներով հարուցված քրեական գործով դատախազի բողոքը Վերաքննիչ քրեական դատարանը մասնակի բավարարել է, իսկ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մասնակի բեկանել: Փոխվել են գործով որպես մեղադրյալներ ներգրավված Ա.Բ.-ի, Ս.Գ.-ի, Ս.Բ.-ի, Կ.Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժները:
Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված քրեական գործով (վարույթով) հիմնավորվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ մարտական տարբեր խնդիրներ լուծելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության աշխատակից, բաժնի պետի տեղակալ Ա.Բ.-ն մեկնել է իրեն հանձնարարված տարածք, Ջրականի տարածքից ապօրինի ձեռք է բերել գործարանային արտադրության «ԱԿ» և «ԱԿՄ» տեսակի 45 ինքնաձիգ, տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակելու համար նախատեսված 2000-ից ավելի փամփուշտ և այլ ռազմամթերք: Այնուհետև, համաձայնության գալով իր ծանոթ Ս.Գ.-ի հետ, վերջինիս բնակարանին կից օժանդակ կառույցում պահել է ապօրինի փոխադրած ռազմամթերքն ու 43 ինքնաձիգները՝ դրանք հետագայում իրացնելու նպատակով:
45 ինքնաձիգից երկուսը փոխանցվել է Երևան քաղաքի բնակիչ Ս.Բ.-ին, ով դրանք փոխադրել և պահել է իր փաստացի բնակության վայրում:
Այնուհետև, Ս.Բ.-ն պայմանավորվածություն է ձեռք բերել Կ.Ե.-ի հետ, որպեսզի վերջինս վաճառի ինքնաձիգները՝ յուրաքանչյուրը՝ 148 հազար 782 դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլարով և ստացված գումարը փոխանցի Ա.Բ.-ին:
Պարզվել է նաև, որ Ս.Բ.-ն, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին գտնվելով Արցախի Հանրապետությունում, գործով դեռևս չպարզված հանգամանքներում, ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող ընդհանուր 400-ից ավելի փամփուշտ, դրանք փոխադրել և պահել է Երևան քաղաքում: ԱԱԾ աշխատակիցները խուզարկության ժամանակ հայտնաբերել և վերցրել են փամփուշտները:
Ա.Բ.-ի կողմից պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու հետևանքով՝ մարտական գործողությունների ընթացքում և դրանից հետո շուրջ չորս տասնյակից ավելի զինծառայող զրկվել է իրենց ամրակցված հրազենները և ռազմամթերքը կիրառելու միջոցով մարտական խնդիրներ լուծելու հնարավորությունից:
Ա.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք) 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), Ս.Բ.-ին՝ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը, կրելը) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Ս.Գ.-ին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով, Կ.Ե.-ին՝ 34-235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու, կրելու փորձ):
2021 թվականի հոկտեմբերի 15-ին դատախազը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկել է Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 2021 թվականի հունիսի 8-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ա.Բ.-ին մեղավոր է ճանաչել 308-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ` պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում՝ 5 տարի ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 3 տարի ժամկետով):
Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով Ս.Գ.-ին մեղսագրվող արարքը վերաորակվել է նույն հոդվածի 1-ին մասով և Ս.Գ.-ի նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 1 տարի ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով:
Ս.Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 ամիս ժամկետով) և 235-րդ հոդվածի 2-րդ մասով (նշանակվել է պատիժ՝ ազատազրկում` 2 տարի ժամկետով):
Դատարանը Կ.Ե.-ին արդարացրել է Քրեական օրենսգրքի 34-235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում:
Դատախազի բողոքի հիման վրա՝ Վերաքննիչ քրեական դատարանը 2023 թվականի մարտի 6-ին որոշում է կայացրել ներկայացված բողոքը մասնակի բավարարելու և Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը մասնակի բեկանելու մասին:
Արդյունքում՝ դատախազի բողոքի հիման վրա՝ դատարանի բեկանված դատավճռով՝
1. Ս. Բ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 1 տարի ժամկետով, իսկ 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 տարի ժամկետով:
2. Ս. Գ.-ն մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 2 տարի 6 ամիս ժամկետով: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ դատախազություն