Բաժիններ՝

Հայաստանում Խաղաղության կորպուսի 16 կամավորներ երդում են տվել

Մայիսի 24-ին տեղի ունեցավ ԱՄՆ Խաղաղության կորպուսի 16 նոր կամավորների երդման արարողությունը:

Սա կամավորների առաջին խումբն է, որ ժամանել է Հայաստան 2020 թվականից հետո, երբ Խաղաղության կորպուսի բոլոր կամավորներն էվակուացվեցին Կովիդ-19 համավարակի պատճառով։

Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին նշեց, որ կամավորներն արդեն ավարտել են հայոց լեզվի և մշակույթի 11-շաբաթյա դասընթացը և շուտով կմեկնեն Հայաստանի տարբեր մարզեր, որտեղ կապրեն և կծառայեն հաջորդ երկու տարվա ընթացքում: Հյուրընկալող հայ ընտանիքներում ապրելով՝ կամավորների մի մասը կհամագործակցի դպրոցների անգլերենի ուսուցիչների հետ՝ աջակցելու աշակերտներին բարելավել օտար լեզվի իրենց հմտությունները: Կամավորների մի մասն էլ կաշխատի երիտասարդների և երիտասարդական աշխատողների հետ՝ օգնելով երիտասարդներին դառնալ արդյունավետ և քաղաքացիական ներգրավվածություն հանդես բերող չափահասներ։

«Այսօր Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի և մեր բոլոր գործընկերների համար կարևոր օր է. մենք տոնում ենք Խաղաղության կորպուսի կամավորների վերադարձը Հայաստան։ Երկու օրից մեր կամավորները կմեկնեն իրենց ծառայության վայրեր՝ Հայաստանի տարբեր քաղաքներ և գյուղեր, որտեղ կաշխատեն տեղի իրենց գործընկերների հետ՝ ոգեշնչելու աշակերտներին, ուսուցիչներին և հայ երիտասարդներին»,- ասաց Խաղաղության կորպուսի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոան Ֆեյրլին:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը կարևորելով կամավորների վերադարձը և նրանց երդմնակալության արարողությունը, նշեց, որ արդեն երեք ամիս է՝ գտնվում է Հայաստանում, հասցրել է բազմաթիվ դրական գնահատականներ, արձագանք լսել Հայաստանում խաղաղության կորպուսի կամավորների իրականացրած աշխատանքի և գործունեության վերաբերյալ:

«Մենք հավատացած ենք, որ ոչ միայն կրթությունը, երիտասարդական ծրագրերն են Խաղաղության կորպուսի աշխատանքներում իրենց կարևոր դերակատարումը ունենում, այլ նաև առանձնահատուկ կարևորություն ունեն այն շփումները, կապերը, որ ձևավորվում են մարդկանց միջև: Ունենք նաև կամավորներ, ովքեր նորից վերադարձել են: Կարող եմ վստահաբար ասել, որ այս ծրագիրը օգնել և նպաստել է հայ-ամերիկյան հարաբերությունները առավել սերտ ու բարեկամական դարձնելուն: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել հյուրընկալող ընտանիքներին, դպրոցներին, երիտասարդական կազմակերպություններին Խաղաղության կորպուսի կամավորների առաջ իրենց դռները բացելու և ջերմ ընդունելու համար, իսկ կամավորներին՝ բարեկամ դառնալու և լավ ծառայության համար»,- եզրափակեց ԱՄՆ դեսպանը:

Խաղաղության կորպուսի կամավոր Խորխե Սամորան նշեց, որ 11-շաբաթյա դասընթացի ընթացքում ապրել է Մարմարաշենում: Երդմնակալությունից հետո երկու տարի շարունակելու է ապրել Վանաձորում և դասավանդելու է անգլերեն:

«Արդեն հասցրել եմ սիրել Հայաստանը՝ եղել եմ Նորավանքում, Խոր Վիրապում, Արենիում և էլի շատ տեղերում: Շատ սիրում եմ ինձ հյուրընկալող ընտանիքին, իրենք շատ բարի են. ամեն օր իրենց հետ փորձում էի խոսել հայերեն: Իսկ այսօր մենք ընդունելու ենք երդում, որից հետո Հայաստանում պաշտոնապես կլինենք կամավորներ: Մինչ այս պահը հրաշալի ժամանակ ենք անցկացրել Հայաստանում և ուրախ ենք, որ հնարավորություն ունենք աշխատելու երիտասարդների հետ»,- ասաց Խորխե Սամորան:

Խաղաղության կորպուսը միջազգային ծառայողական ցանց է, որը կազմված է կամավորներից, համայնքի անդամներից, հյուրընկալող երկրի գործընկերներից և անձնակազմից, որոնք ոգեշնչված են աշխարհում խաղաղություն և բարեկամություն հաստատելու Խաղաղության կորպուսի առաքելությամբ: Աշխարհի տարբեր երկրների կառավարությունների հրավերով՝ ԽԿ կամավորները իրենց համայնքների անդամների հետ աշխատում են կրթության, առողջապահության, բնապահպանության, գյուղատնտեսության, համայնքի տնտեսական զարգացման և երիտասարդության զարգացման ոլորտներում տեղական առաջնահերթություն հանդիսացող ծրագրերի վրա: Խաղաղության կորպուսը հիմնադրվել է 1961 թվականին նախագահ Ջոն Ֆ. Քենեդիի կողմից: Այդ օրվանից ի վեր ավելի քան 240 000 ամերիկացի ծառայել է աշխարհի 142 երկրում:

1992 թվականից ի վեր ավելի քան 1100 ԽԿ կամավոր է ծառայել Հայաստանում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս