Ամենայն հավանականությամբ, Փաշինյանը հասկանում էր, որ իր «անպարկեշտ խաղաղության» որոշումը չի արժանանա ժողովրդական դիմադրության․ Մարկեդոնով
«Քաղաքական գործչի՞ իրավունքը, թե՞ ժողովրդի իրավունքը. Հայկական համատեքստ» վերտառությամբ տելեգրամյան գրառմամբ ռուս քաղաքական վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովն անդրադարձել է ըստ էության Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու պատրաստակամության մասին հայտարարությանը։
Նա հարց է ուղղել․ «Կարո՞ղ է արդյոք հայ քաղաքական գործիչը լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրները՝ առանց հիմնվելու լայն հասարակական կարծիքի վրա։ Վիճելի տարածաշրջանի՝ Ադրբեջանին պատկանելու մասին Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունից հետո այս հարցը, թերևս, դարձել է այս սուր թեմայի քննարկման առանցքը թե՛ Հայաստանի ներսում, թե՛ սփյուռքում»։
Մարկեդոնովը հիշեցրել է, որ ոչ այլ ոք, քան Նիկոլ Փաշինյանն էր ակտիվորեն հղում անում ժողովրդի կարծիքին։
«Օրինակ՝ 2018 թվականի հոկտեմբերին նա հայտարարում էր ղարաբաղյան խնդրի լուծման «գաղտնի դիվանագիտության» անընդունելիության մասին»,- գրել է Մարկեդոնովը։
«Հենց ժողովուրդն է, որ պետք է որոշի, թե որ ճանապարհն է առավել ընդունելի։ Բացարձակապես կապ չունի, թե ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, քանի որ 20 տարի շարունակ այդ քննարկումները ոչ մի արդյունքի չեն հանգել։ Ինքս հայտարարել եմ, որ եթե բանակցությունների ընթացքում ձևավորվի ղարաբաղյան հիմնախնդրի լուծում, որն անձամբ ընդունելի կհամարեմ, ապա առաջին հերթին այն կներկայացնեմ ժողովրդի քննարկմանն ու ժողովրդի կարծիքը կհարցնեմ»,- Փաշինյանի այս խոսքերը մեջբերել է վերլուծաբանը։
Այնուհետև Մարկեդոնովը հերթական հարցն է ուղղել, թե ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ին Փաշինյանն իր ստորագրությունը դրեց Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին Եռակողմ հայտարարության տակ՝ ընդամենը երկու տարի անց՝ առանց հանրաքվեի կամ նույնիսկ խորհրդարանում քվեարկության։
«Ամենայն հավանականությամբ, քանի որ, ի տարբերություն իր շատ հայրենակիցների, նա ավելի լավ էր պատկերացնում իրավիճակը ճակատում։ Այո, նա թաքցրեց, այո, նա հայ հասարակությանը կերակրեց լավատեսական ուղերձներով։ Բայց իրականում նա ավելի լավ էր հասկանում իրավիճակը, քան «հասարակ ժողովուրդը»։ Եվ ամենայն հավանականությամբ, հասկանում էր նաև, որ իր որոշումը՝ ընտրել «անպարկեշտ խաղաղությունը», չի արժանանա ժողովրդական դիմադրության։ Դա ցույց տվեցին 2020-2023 թթ․ մայիսի իրադարձությունները։ Կկարողանա՞ն արդյոք ընդդիմությունն ու նրա լիդերներն այսօր ոչ թե՝ խոսքով, այլ՝ պրակտիկ ապացուցել, որ ժողովրդի կարծիքն ավելի մեծ կշիռ ունի, քան քաղաքական գործիչներինը։ Անկեղծ ասած, վստահ չեմ։ Վերջին տարիների միտումները լուրջ հիմքեր չեն տալիս այլ կարծիքի համար»,- գրել է Մարկեդոնովը։