Շառլ Ազնավուրի անվան քոլեջը համերգային ծրագրով տոնեց շանսոնյեի 99-ամյակը
Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջը մայիսի 22-ին մեծն շանսոնյեի 99-ամյակը նշեց գեղեցիկ համերգով: Քոլեջի սաները հետաքրքիր մեկնաբանություններով ներկայացրին Ազնավուրի երգերը, պատմեցին նրա կյանքի հիշարժան դրվագների մասին:
Քոլեջի տնօրեն Վրեժ Կիրակոսյանն ընդգծեց՝ քոլեջի 700 սաներն ու 200 աշխատակիցները կարող են փաստել, որ այն օրվանից, երբ քոլեջը սկսեց կրել Շառլ Ազնավուրի անունը, այն վերելքներ է ապրում:
«Այս դժվար ժամանակներում մենք լծված ենք երիտասարդներին ինքնաիրացվելու հնարավորություն տալու գործին: Հայերն աշխարհին այնպիսի մեծեր են տվել, ինչպիսիք են Կոմիտասը, Արամ Խաչատրյանը, Առնո Բաբաջանյանը, Շառլ Ազնավուրը և այլք: Վստահ եմ, որ տարիներ անց այս քոլեջից ևս մեծեր են դուրս գալու»,-նշեց Կիրակոսյանը:
Նրա խոսքով՝ քոլեջին շատ են աջակցում Ազնավուրի ընտանիքն ու «Ազնավուր» հիմնադրամը: Նրանք ոչ միայն ֆինանսապես, տեխնիկապես, կրթական ծրագրերի առումով ներդրում ունեն քոլեջի զարգացման գործում, այլև նրանց նախաձեռնությամբ քոլեջում վարպետության դասեր, սաների հետ հանդիպումներ են անցկացնում մշակույթի գործիչներ, որոնք ճանաչում ունեն աշխարհում: Երբ նման մարդիկ գալիս են Հայաստան, հիմնադրամի շնորհիվ այցելում են նաև քոլեջ:
Քոլեջը պատվոգիր և «Ազնավուր» կրծքանշան հանձնեց հիմնադրամին՝ իրենց սատարելու համար: Պատվոգիր և քոլեջի ոսկե մեդալ տրվեց նաև Գագիկ Ծառուկյանին, որի ջանքերով քոլեջը ռոյալ է ձեռք բերել, ինչի կարիքը շատ է ունեցել:
«Ազնավուր» հիմնադրամի գործառնությունների ղեկավար Տաթևիկ Սարգսյանն էլ հիշեցրեց, որ հիմնադրամն ստեղծվել է առաջին հերթին Ազնավուրի հումանիտար գործունեությունը շարունակելու համար՝ իրականացնելով սոցիալական և զարգացման ծրագրեր այդ թվում և մշակույթի ու կրթության բնագավառում, սակայն Ազնավուրի արվեստի պահպանումն ու տարածումը ևս հիմնադրամի առաքելության կարևոր մասն է:
«Հաջորդ տարի Ազնավուրի 100-ամյակն է, և հիմնադրամը մի շարք հետաքրքիր միջոցառումներ կիրականացնի Հայաստանում և Ֆրանսիայում, որոնց մասին դեռ կհայտնենք: Այս փուլում աշխատում ենք Հայաստանի և Ֆրանսիայի կառավարությունների հետ, որպեսզի մշակենք հնանրությանը հասանելի միջոցառումների փաթեթ»,-շեշտեց Սարգսյանը:
Ըստ նրա՝ Ազնավուրն այնքան մեծ է, որ յուրաքանչյուրը կարող է գտնել իր Ազնավուրին՝ Ազնավուր երաժշտին, Ազնավուր դերասանին, Ազնավուր գրողին: